Հայաստանի ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը Բրյուսելում անցկացվող «Հայաստան-Եվրոպա» համաժողովի ժամանակ Արեւմուտքի հետ հարաբերությունները փորձել է երեք կարեւոր շերտերի բաժանել, որոնցով հնարավոր կլինի ուժեղ համագործակցություն կառուցել: Ըստ նրա՝ վերջին շրջանում, իսկապես, ինտենսիվ երկխոսություն կա Եվրամիության երկրների հետ, որոնց աջակցությամբ Հայաստանը կարողանալու է ամրապնդել իր անվտանգային համագործակցությունը:
«Ընդ որում, դրա տակ ես միայն նկատի չունեմ ռազմականը: Նույնիսկ կարող եմ ասել, որ մեր տնտեսական համագործակցությունը կարող է իր ենթատեքստում ունենալ անվտանգության բաղադրիչ եւ ամրապնդել ՀՀ անվտանգությունը: Հայաստանը պատրաստ է սրան»,- նշել է նա:
Արմեն Գրիգորյանն ընդգծել է, որ Հայաստանն այս օրակարգով պատրաստ է շարունակելու բանակցությունները, գալ Բրյուսել, հասնել վերջնական կետի և կնքել խաղաղության պայմանագիրը. «Մենք պատրաստ ենք խաղաղության եւ ուզում ենք, որ հրապարակային հաստատվի 29.800 քառ. կմ Հայաստանի և 86.600 քառ. կմ Ադրբեջանի տարածքը, ապաշրջափակումը տեղի ունենա չորս սկզբունքների հիման վրա՝ սուվերենության, իրավազորության, փոխադարձության և հավասարության»: