Ռուսաստանը հաստատում է, որ պատրաստ է Մոսկվայում կազմակերպելու Ռուսաստանի, Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպում, սակայն հստակ ժամկետ դեռ չկա։ Դրա մասին հայտնել է ՌԴ փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը։ Նա նշել է, որ Ռուսաստանը բազմիցս հաստատել է իր պատրաստակամությունը՝ հետագա երկխոսության համար երկկողմ հարաբերությունների կարգավորման եւ խաղաղության պայմանագրի ստորագրման հարցերի շուրջ մոսկովյան հարթակը տրամադրելու Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարներին:
«Մեր այս պատրաստակամությունն անփոփոխ է։ Երբ համաձայնեցնենք միջոցառման ժամկետները, դրա մասին ժամանակին կհայտարարենք»,- ընդգծել է Գալուզինը։
Ավելի վաղ ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել էր, որ Մոսկվան շարունակում է երկխոսությունը Բաքվի եւ Երեւանի հետ՝ օգնելու լուծել հակամարտությունը, սակայն էական առաջընթաց դեռեւս չկա։