Ադրբեջանը Հայաստան ներխուժելու մտադրություն չունի: Իտալական In Terris պարբերականին տված հարցազրույցում դրա մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահի հատուկ հանձնարարություններով դեսպան Էլչին Ամիրբեկովը:
«Արդյո՞ք Ադրբեջանը մոտ ապագայում Հայաստան ներխուժելու մտադրություն ունի» հարցին ի պատասխան Ամիրբեկովն ասել է, որ դրանք վերջին օրերին տարածված կեղծ լուրեր են: Նա նշել է, որ դրանց ծագումը բացարձակ անհասկանալի է։ «Նման շինծու լուրերի համար որպես պատրվակ նշվում է, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքը», որը կապահովի ցամաքային հաղորդակցություն Ադրբեջանի եւ նրա էքսկլավի՝ Նախիջեւանի միջեւ»,- նշել է նա։
Էլչին Ամիրբեկովը նշել է, որ եթե «միջանցք» ձեւակերպումը Երեւանի սրտով չէ, կարող են գործածել «անցում», «ճանապարհ», «խաչմերուկ» եւ նման այլ եզրույթներ։ Ադրբեջանի նախագահի հատուկ հանձնարարություններով դեսպանը հավաստիացնում է, որ այդ եզրույթը «զուտ տնտեսական եւ տրանսպորտային հայեցակարգ է»: