Գյումրու մարզամշակութային կենտրոնում տեղի ունեցավ «Կարմիր գլխարկը եւ Աշոտիկը» մյուզիքլ-ներկայացման առաջնախաղը:
Մանկապատանեկան նոր ներկայացում բեմադրելու գաղափարը Գյումրու մարզամշակութային կենտրոնինն էր. առաջարկով դիմել էին ՀՀ վաստակավոր արտիստ Սամվել Խաչատրյանին, որը սիրով հեղինակել ու բեմադրել է նոր պիեսը:
Փոքրիկ հանդիսատեսը բեմում տեսավ ծանոթ կերպարների, որոնք դրսեւորվեցին նորովի:
«Անել ներկայացում՝ վերցված դասական գործից, որի ավարտը երեխան նախքան սկսվելն արդեն գիտի, այնքան էլ ոգեւորիչ չէր: Որոշեցինք ճանաչված հերոսներին անծանոթ հանգամանքներում ներկայացնել: Կարմիր գլխարկի եւ չարաճճի Աշոտիկի ընտանիքի պատմությունները միքսեցինք, սցենարական նոր լուծումներով եւ անսպասելի վերջաբանով փոքրիկ հանդիսատեսին անակնկալ մատուցեցինք»,- ասաց ներկայացման հեղինակ, ռեժիսոր Սամվել Խաչատրյանը:
Աշոտիկի եւ Կարմիր գլխարկի տատիկի կերպարներում հանդես եկավ ազգությամբ ռուս, հոգով-սրտով հայ, հայախոս Նատալյա Մեդինա-Խաչատրյանը: Կարդացե՛ք նաեւ Նատալյա Մեդինա-Խաչատրյանի՝ ավելի վաղ հրապարակված հոդվածը:
Դրամայից մինչեւ կատակերգական կերպարներ կերտած դերասանուհին անկեղծացավ, որ մանուկների համար խաղալն իր ամենանախընտրելիներից է. «Երեխան է թելադրում քեզ, թե ինչ անես բեմում: Իր ռեակցիայով, հարցերով ստիպում է իմպրովիզացիա անել, լինել ավելի զգոն ու պատրաստ՝ շեղվելու սցենարից»:
Որ առաջնախաղը հաջողված էր, փաստեցին լեփ-լեցուն դահլիճի՝ ներկայացումը հաճախակի ընդհատող ծափերն ու բացականչությունները: Իսկ ովքեր չհասցրին տեսնել ներկայացումը, դրա հնարավորությունը կունենան հաջորդ տարվա սկզբին: