«Մայրս նախապես չգիտեր, որ գնալու եմ Դուբայ աշխատելու։ Եթե իմանար, հաստատ թույլ չէր տա։ 17 տարեկան էի։ Մտածում էի՝ կվերադառնամ ու ինձ համար լավ շորեր, ոսկեղեն, տուն կգնեմ։ Ասել էին՝ ամսական 1000 դոլար եմ վաստակելու»,- պատմում է Ժաննան (անունը փոխված է), որ տարիներ առաջ Արաբական Միացյալ Էմիրություններում թրաֆիքինգի է ենթարկվել․ նրան հարկադրել են մարմնավաճառությամբ զբաղվել։
Ժաննային լավ կյանքի ու աշխատանքի մասին էին պատմել։ Ասել էին, որ խանութում է աշխատելու, բայց․․․ Այդ սարսափելի օրերից շատ ժամանակ է անցել, բայց դրանք չեն մոռացվում։
«Աշխատում եմ չհիշել, քանի որ շատ դաժան օրեր եմ ունեցել։ Ոչ մի կոպեկ չտվեցին։ Շատ է եղել, որ սոված եմ մնացել, առանց հագուստի․․․ Եղել է նաեւ, որ այդ վիճակում քայլել եմ փողոցով, ոչ ոք չէր օգնում․․․»,- հիշում է Ժաննան։
Դժվարությամբ է խոսում այդ օրերի մասին՝ չցանկանալով հիշել մանրամասները, բայց ուզում է իր պատմությունը ներկայացնելով կանխել թրաֆիքինգի հավանական դեպքերը։ Կանանց ու աղջիկներին հորդորում է կասկածելի աշխատանքային առաջարկներ ունենալու դեպքում հիշել իր պատմությունը, խոսքերը եւ թակարդը չընկնել։
«Եթե ասում են՝ խանութում եք աշխատելու կամ պարելու եք, չհավատա՛ք։ Դուբայ հասցնելուց հետո ստիպելու են, որ մարմնավաճառությամբ զբաղվեք»,- ասում է Ժաննան, որը մեծ դժվարությամբ է փրկվել է դժոխքից, հասել Հայաստան։
(Նա թրաֆիքինգի նույնացված զոհ է, այսինքն՝ օրենքով սահմանված կարգով հաստատված է նրա՝ թրաֆիքինգի զոհ լինելու փաստը)։
Մարդկանց, հատկապես՝ կանանց ու երեխաների թրաֆիքինգը կանխարգելելու, զսպելու եւ պատժելու մասին արձանագրությունը ՄԱԿ-ն ընդունել է 2000 թվականին Իտալիայի Պալերմո քաղաքում։ Այն ՄԱԿ-ի «Անդրազգային կազմակերպված հանցագործությունների դեմ» կոնվենցիայի մաս կազմող միջազգային համաձայնագիր է։
Թրաֆիքինգի զոհերը հիմնականում չզարգացած կամ զարգացող երկրներից են, որոնց շահագործումը տեղի է ունենում զարգացած երկրներում կամ հենց իրենց երկրում։ ՀՀ ՆԳՆ ոստկանության տրամադրած տեղեկության համաձայն՝ այս հանցագործության առավել տարածված ձեւերն են սեռական շահագործումը, հարկադիր աշխատանքը, մարդկանց առքուվաճառքը։ Տղամարդկանց շրջանում առավել տարածված է հարկադիր աշխատանքի, կանանց շրջանում՝ սեռական շահագործման թրաֆիքինգը։ Թրաֆիքինգի զահերը հիմնականում սոցիալ-տնտեսական ոչ բարենպաստ պայմաններում ապրող անձինք են, որոնք գայթակղվում են մեծ գումարներ վաստակելու եւ բարեկեցիկ կյանքի հեռանկարով։ Սովորաբար թրաֆիքինգի ենթարկողները նախ կարողանում են շահել զոհի վստահությունը՝ օգտվելով հնարավոր զոհի սոցիալական ծանր վիճակից, երբեմն նաեւ՝ կրթական մակարդակից
Թրաֆիքինգ եւ շահագործում․ ո՞վ է համարվում թրաֆիքինգի կամ շահագործման զոհ
Մարդկանց թրաֆիքինգը կամ շահագործումը շահագործման նպատակով մարդկանց հավաքագրելը, տեղափոխելը, փոխանցելը, թաքցնելը կամ ստանալը, նաեւ մարդուն շահագործելը կամ շահագործման վիճակի մեջ դնելը կամ պահելն է՝ բռնություն գործադրելով կամ դա գործադրելու սպառնալիքով կամ հարկադրանքի այլ ձեւերով, առեւանգման, խաբեության կամ վստահությունը չարաշահելու, իշխանությունը կամ վիճակի խոցելիությունը օգտագործելու կամ նրան վերահսկող անձի հետ համաձայնություն ձեռք բերելու նպատակով նյութական կամ այլ օգուտ տալու կամ ստանալու կամ այդպիսիք խոստանալու միջոցով:
Ըստ օրենքի՝ որպես մարդկանց թրաֆիքինգ կամ շահագործում է սահմանված նաեւ շահագործման նպատակով երեխաներին կամ հոգեկան խանգարման հետեւանքով իր արարքի բնույթն ու նշանակությունն ամբողջությամբ կամ մասամբ գիտակցելու կամ դա ղեկավարելու հնարավորությունից զրկված անձանց հավաքագրելը, տեղափոխելը, փոխանցելը, թաքցնելը կամ ստանալը, ինչպես նաեւ այդպիսի անձանց շահագործելը կամ շահագործման վիճակի մեջ դնելը կամ պահելը:
Շահագործում են համարվում այլ անձի` պոռնկության հարկադրելով շահագործումը կամ սեռական շահագործման այլ ձեւերը, հարկադիր աշխատանքը կամ ծառայությունները, ստրկության կամ ստրկությանը նմանվող վիճակի մեջ դնելը, առքը կամ վաճառքը, օրգանները կամ հյուսվածքները վերցնելը։
«Մարդկանց թրաֆիքինգի եւ շահագործման ենթարկված անձանց նույնացման եւ աջակցության մասին» ՀՀ օրենքը սահմանում է ՝ թրաֆիքինգի զոհը մարդկանց թրաֆիքինգի եւ (կամ) շահագործման ենթարկված անձն է, որն այդպիսին է ճանաչվել Մարդկանց թրաֆիքինգի եւ շահագործման զոհերի նույնացման հանձնաժողովի որոշմամբ։
Հատուկ կատեգորիայի զոհը թրաֆիքինգի եւ (կամ) շահագործման ենթարկված անձն է, որը հայտնաբերման պահին եղել է երեխա կամ հոգեկան խանգարման հետեւանքով իր արարքի բնույթն ու նշանակությունն ամբողջությամբ կամ մասամբ գիտակցելու կամ դա ղեկավարելու հնարավորությունից զրկված անձ եւ այդպիսին է ճանաչվել Մարդկանց թրաֆիքինգի եւ շահագործման զոհերի նույնացման հանձնաժողովի որոշմամբ։
Վիճակագրություն
Ըստ Աշխատանքի միջազգային կազմակերպության հրապարակած տվյալների՝ 2021 թվականին աշխարհում 50 միլիոն մարդ ապրել է ժամանակակից ստրկության մեջ, այսինքն՝ թրաֆիքինգի է ենթարկվել: Ընդ որում՝ վերջին հինգ տարիներին ժամանակակից ստրկության մեջ գտնվող մարդկանց թիվը զգալիորեն աճել է: 2021 թվականին, 2016 թվականի համեմատ, 10 միլիոնով ավելի շատ մարդ է հայտնվել ժամանակակից ստրկության մեջ։
Ըստ Աշխատանքի միջազգային կազմակերպության, Walk Free իրավապաշտպան կազմակերպության եւ Միգրացիայի միջազգային կազմակերպության տվյալների՝ վերջին հինգ տարվա ընթացքում հարկադիր աշխատանքի եւ հարկադիր ամուսնությունների դեպքերը զգալիորեն աճել են: Հարկադիր աշխատանքում ներգրավվածների մեկ ութերորդը երեխաներ են, որոնց մեծ մասը առևտրային նպատակներով սեռական շահագործման է ենթարկվում։
ՀՀ ՆԳՆ ոստիկանության կազմում գործում է թրաֆիքինգի դեմ պայքարի բաժինը․ այնուհանդերձ, քրեական դատավարության նոր օրենսգրքի ընդունմամբ, որը գործողության մեջ է մտել 2022 թվականի հուլիսից, ոստիկանությունը պարտավոր է բոլոր բացահայտումներն ու հաղորդումները փոխանցել Քննչական կոմիտեին, որը պատասխանատու է պաշտոնապես քննություն սկսելու համար։
Հայաստանում թրաֆիքինգի եւ շահագործման նույնացված զոհերի թիվն՝ ըստ տարեթվերի (վիճակագրական տվյալները տրամադրել է ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունը)․
2020 թվական
Ընդհանուր | 9 անձ |
Երեխա | 5 հատուկ կատեգորիայի զոհ |
Աշխատանքային շահագործում | 7 անձ |
2021 թվական
Ընդհանուր | 31 անձ |
Արական սեռի ներկայացուցիչներ | 6 անձ |
Իգական սեռի ներկայացուցիչներ | 25 անձ |
Երեխա | 8 հատուկ կատեգորիայի զոհ |
Սեռական շահագործում | 24 անձ |
Աշխատանքային շահագործում | 7անձ |
Քաղաքացիությունը | ՀՀ |
Բնակության վայրը | Երեւան՝ 14 անձ Լոռու մարզ՝ 5 անձ Կոտայքի մարզ՝ 3 անձ Արմավիրի մարզ՝ 2 անձ Վայոց ձորի մարզ՝ 2 անձ Սյունիքի մարզ՝ 2 անձ Գեղարքունիքի մարզ՝ 1 անձ Արարատի մարզ՝ 1 անձ Շիրակի մարզ՝ 1 անձ |
Հայտնաբերող մարմին | Ոստիկանություն՝ 28 անձ «Ամքոր» գործընկեր կազմակերպություն՝ 3 անձ |
Տարիք | 0-18 տարեկան՝ 8 անձ 18-30 տարեկան՝10 անձ 31-45 տարեկան՝10 անձ 46-65 տարեկան՝ 3 անձ 65-ից բարձր՝0 |
2022 թվական
Ընդհանուր | 6 անձ |
Արական | 1 անձ |
Իգական | 4 անձ |
Երեխա | 1 հատուկ կատեգորիայի զոհ |
Սեռական շահագործում | 4 անձ |
Աշխատանքային շահագործում | 2 անձ |
Քաղաքացիությունը | ՀՀ |
2023 թվականի 9 ամիսների ընթացքում նույնացված զոհերի վերաբերյալ տեղեկություն․
Ընդհանուր | 20 անձ |
Արական սեռի ներկայացուցիչներ | 11 անձ |
Իգական սեռի ներկայացուցիչներ | 9 անձ |
Հատուկ կատեգորիայի զոհ | 4 անձ |
Հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձ | 2 անձ |
Երեխա | 2 անձ |
Սեռական շահագործում | 3 անձ |
Աշխատանքային շահագործում | 17 անձ |
Քաղաքացիությունը | Բոլոր զոհերը եղել են ՀՀ քաղաքացիներ |
Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարի մամուլի քարտուղար Զարուհի Մանուչարյանն ասում է՝ վերջին տարիների վիճակագրության համաձայն՝ ՀՀ քաղաքացիները թրաֆիքինգի եւ շահագործման ենթարկվում են հիմնականում Հայաստանում։ Մեր երկրում թրաֆիքինգի եւ շահագործման տեսակներից ամենատարածվածը աշխատանքային շահագործումն է։
«Վերջին մեկ տարվա վիճակագրության համաձայն՝ ՀՀ քաղաքացիները աշխատանքային շահագործման ենթարկվում են հիմնականում անասնաֆերմաներում։ Մեր ունեցած տվյալներով՝ ՀՀ քաղաքացիներն արտերկրում հիմնականում ենթարկվում են աշխատանքային եւ սեռական շահագործման»,- նշում է Զարուհի Մանուչարյանը։
Պետության ձեռնարկած քայլերը եւ աջակցության ծրագրերը
ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունը պարբերաբար իրականացնում է իրազեկման արշավներ եւ վերահսկում է Հայաստանի Հանրապետությունում 2023-2025 թվականների ընթացքում թրաֆիքինգի կամ շահագործման դեմ պայքարի կազմակերպման ազգային ծրագրում ներկայացված գործողությունների իրականացումը։
Իրավասու մարմինները թրաֆիքինգի կամ շահագործման ենթարկված անձանց կամ նրանց առնչվող հանցագործության դեպքերի վերաբերյալ տեղեկությունները ստանում են ինքնուրույն կատարած աշխատանքների ընթացքում, պետական կառավարման եւ տեղական ինքնակառավարման մարմիններից, միջազգային, հասարակական կազմակերպություններից, զանգվածային լրատվամիջոցներից, անհատ քաղաքացիներից հնարավոր ցանկացած եղանակով՝ գրավոր, էլեկտրոնային նամակագրության, «թեժ գծերի» միջոցով եւ այլ տարբերակներով:
««Մարդկանց թրաֆիքինգի եւ շահագործման ենթարկված անձանց նույնացման եւ աջակցության մասին» ՀՀ օրենքի համաձայն՝ սահմանված խնդիրների արդյունավետ լուծման նպատակով իրավասու մարմիններն ակտիվորեն համագործակցում եւ օգտագործում են միմյանց հնարավորությունները:
«Օրենքով սահմանված դրույթների կատարման օպերատիվությունն ապահովելու նպատակով աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունը եւ ոստիկանությունը լիազորված են հանդես գալու եւ միմյանց միջեւ, նաեւ գործընկեր հասարակական կազմակերպությունների հետ համագործակցությունն իրականացնելու համապատասխան մասնագիտացված կամ պատասխանատու ստորաբաժանումների միջոցով»,- ասում է Զարուհի Մանուչարյանը։
Պետական կառավարման եւ տեղական ինքնակառավարման մարմիններն իրենց իրավասությունների շրջանակում օժանդակում են իրավասու մարմնին եւ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով նրան տրամադրում անձի կամ նրան առնչվող հանգամանքների վերաբերյալ իրենց տնօրինման ներքո առկա անհրաժեշտ տեղեկությունները:
«Իրավասու մարմինները, մարդու իրավունքների եւ անձնական տվյալների պաշտպանության սկզբունքներին հավատարիմ մնալով, օրենքով սահմանված կարգով պահպանում են իրենց հայտնի դարձած անձնական եւ այլ տեղեկությունների գաղտնիությունը»,- վստահեցնում է աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարի մամուլի քարտուղարը:
«Մարդկանց թրաֆիքինգի եւ շահագործման ենթարկված անձանց նույնացման եւ աջակցության մասին» ՀՀ օրենքի համաձայն՝ իրավասու մարմին են համարվում նաեւ գործընկեր հասարակական կազմակերպությունները, ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունը եւ ոստիկանությունը։
Հայաստանի Հանրապետությունում 2023-2025 թվականների ընթացքում մարդկանց թրաֆիքինգի կամ շահագործման դեմ պայքարի կազմակերպման ազգային ծրագրում ներկայացված գործողություններն ուղղված են թրաֆիքինգի կամ շահագործման դեմ պայքարի արդյունավետ կազմակերպմանը։ Վերոնշյալ ծրագրի շրջանակում ՀՀ գրեթե բոլոր պետական մարմինները պարտավորվում են իրականացնել համապատասխան գործողություններ՝ ուղղված թրաֆիքինգի եւ շահագործման կանխարգելմանը։
«Մարդկանց թրաֆիքինգի եւ շահագործման զոհերին միանվագ դրամական փոխհատուցման տրամադրում» միջոցառման շրջանակում աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունը տրամադրում է միանվագ 250 000 դրամ ֆինանսական աջակցություն տուժած անձանց։ Դրամական փոխհատուցման իրավունքը տարածվում է միայն այն անձանց վրա, որոնք զոհ կամ հատուկ կատեգորիայի զոհ են ճանաչվել:
«Մարդկանց թրաֆիքինգի եւ շահագործման, սեռական բռնության ենթարկված անձանց սոցիալ-հոգեբանական վերականգնողական ծառայություններ» միջոցառման շրջանակում իրականացվում է օրենսդրությամբ սահմանված ծառայությունների մատուցում թրաֆիքինգի եւ շահագործման ենթարկված անձանց, դրանք ներառում են կացարանի տրամադրում, բնաիրային օգնություն, անհրաժեշտ փաստաթղթերի տրամադրում կամ վերականգնում, բժշկական օգնություն եւ սպասարկում, հոգեբանական, խորհրդատվական, իրավաբանական օգնություն, խնամքի տրամադրում, այդ թվում՝ համապատասխան հաստատությունում, թարգմանչական ծառայությունների մատուցում, հիմնական կրթության ապահովում, միջնակարգ կրթության կամ նախնական մասնագիտական (արհեստագործական) կրթության հասանելիության ապահովում, աշխատանքի տեղավորմանն աջակցում, անվտանգ վերադարձի կազմակերպում։
Թրաֆիքինգի եւ շահագործման ենթարկված անձանց ժամանակավոր կացարանը տրամադրվում է զոհերին եւ հատուկ կատեգորիայի զոհերին նույնացման գործընթացի ավարտից հետո` մինչեւ 12 ամիս։
«Մարդկանց թրաֆիքինգի եւ շահագործման, սեռական բռնության ենթարկված անձանց սոցիալ-հոգեբանական վերականգնողական ծառայություններ մատուցելու» ծրագրի շրջանակում «Դեմոկրատիան այսօր» հասարակական կազմակերպությանն է պատվիրակված վերոնշյալ ծառայությունների մատուցումը (հասցե՝ ք. Երեւան, թեժ գծի հեռ.՝ 080 05 05 58)։ Վերջինիս հետ դրամաշնորհային մրցույթի շրջանակում կնքվել է պայմանագիր. մրցույթն անցկացվում է ամեն տարի։
«Դեմոկրատիան այսօր» ՀԿ նախագահ Գյուլնարա Շահինյանն ասում է՝ այժմ ՀԿ-ի կողմից աջակցություն է տրամադրվում թրաֆիքինգի 15 զոհի: Կացարանում գտնվում է 3 շահառու: Շահառուները հիմնականում բնաիրային, հոգեբանական, իրավաբանական, խորհրդատվական եւ բժշկական օգնության կարիք են ունենում։ Նրանք նաեւ անհրաժեշտ փաստաթղթերի ու աշխատանքի կարիք են ունենում։ Շահառուները կացարան են տեղափոխվում անվտանգությունից ելնելով կամ կեցության այլ վայր չունենալու պատճառով:
Զարուհի Մանուչարյանը նշում է՝ 2021-2023 թվականների ընթացքում ամեն տարի թրաֆիքինգի եւ շահագործման ենթարկված միջինում 14 անձ ապաստարանում աջակցություն է ստանում։ Հայաստանում 2023-2025 թվականների ընթացքում թրաֆիքինգի կամ շահագործման դեմ պայքարի կազմակերպման ազգային ծրագրի շրջանակում իրականացվում են հստակ սահմանված գործողություններ թրաֆիքինգի եւ շահագործման դեպքերը կանխարգելելու նպատակով։
Մարդկանց թրաֆիքինգի եւ շահագործման դեպքերը կանխարգելելու նպատակով ամեն տարի հուլիսի 30-ից (Մարդկանց թրաֆիքինգի եւ շահագործման դեմ պայքարի միջազգային օր) մինչեւ դեկտեմբերի 2-ը (Ստրկության վերացման միջազգային օր) «Կապույտ սիրտ» (Blue Heart Campaign) տեղեկատվական արշավի շրջանակում նախարարությունն իրականացնում է իրազեկման արշավներ։
ՀՀ ոստիկանությունը թրաֆիքինգի եւ շահագործման վերաբերյալ բնակչության՝ հատկապես երիտասարդության իրազեկության, իրավագիտակցության մակարդակի բարձրացման, նրանց կողմից եւ նրանց նկատմամբ կատարվող հանցագործությունները եւ այլ իրավախախտումները կանխելու, կանխարգելիչ աշխատանքներ իրականացնելու նպատակով ՀՀ ոստիկանության տարածքային ստորաբաժանումների ծառայողներն իրենց կողմից սպասարկվող վարչական տարածքների դպրոցներում պարբերաբար անցկացնում են հանդիպումներ, զրույցներ: Հանդիպումների ընթացքում բացատրվում են շահագործման, թրաֆիքինգի վտանգները եւ դրանցից խուսափելու ճանապարհները:
«Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունը թրաֆիքինգի եւ շահագործման կանխարգելման նպատակով համագործակցում է նաեւ մի շարք կազմակերպությունների՝ «Վորդ Վիժն Հայաստան» զարգացման եւ բարեգործական միջազգային կազմակերպության, «Աուդիո-Վիզուալ լրագրողների ասոցիացիա» հասարակական կազմակերպության, «Սեռական բռնության ճգնաժամային կենտրոն» հասարակական կազմակերպության, «ԱՄՔՈՐ Հայաստան» բարեգործական հիմնադրամի հետ»,- նշում է Զարուհի Մանուչարյանը։
2022 թվականին Կառավարությունը զոհերի պաշտպանության, այդ թվում՝ գործարկվող կացարանի գործառնական ծախսերի ֆինանսավորման նպատակով հատկացրել է մոտավորապես 28 միլիոն ՀՀ դրամ, մինչդեռ 2021 թվականին տրամադրվել էր 40 միլիոն դրամ։
2020 թվականից ՀՀ Կառավարությունն առաջին անգամ ֆինանսավորում է նախատեսել զոհերի հայրենադարձման համար, սակայն 2021- 2022 թվականներին որեւէ զոհի հայրենադարձման անհրաժեշտություն չի եղել։
ՀՀ-ում պետությունն օտարերկրացի զոհերի համար ապահովում է նույն ծառայությունները, ինչ Հայաստանի քաղաքացի զոհերի համար: «Մարդկանց թրաֆիքինգի եւ շահագործման ենթարկված անձանց նույնացման եւ աջակցության» մասին ՀՀ օրենքի համաձայն՝ օտարերկրացի զոհերն ունեն 30-օրյա մտորման ժամկետի իրավունք, որի ընթացքում կարող են վերականգնվել մինչ իրավապահների հետ համագործակցելու կամ չհամագործակցելու մասին որոշում ընդունելը։ Օտարերկրացի զոհերին իրավունք է տրվում ստանալու մշտական կացության թույլտվություն։ 2022 եւ 2021 թվականների ընթացքում որեւէ օտարերկրացի զոհ չի դիմել կացության թույլտվության համար։
Թրաֆիքինգի ու շահագործման զոհերը աջակցություն ստանալու համար կարող են զանգահարել օգնության հեռախոսահամարներին։
Հայացք դրսից
ԱՄՆ պետքարտուղարության պատրաստած «Զեկույց մարդկանց թրաֆիքինգի մասին Հայաստան-2022» հետազոտությունում նշվում է, որ Հայաստանի Կառավարությունն ամբողջությամբ չի բավարարում թրաֆիքինգի վերացման նվազագույն չափանիշներին, սակայն նշանակալի աշխատանքներ է կատարում այդ ուղղությամբ: Նախորդ հաշվետու շրջանի համեմատ՝ Կառավարությունն ընդհանուր առմամբ մեծացրել է իր ջանքերը՝ հաշվի առնելով ՔՈՎԻԴ-19-ի համավարակի ազդեցությունը (եթե կա) թրաֆիքինգի դեմ պայքարում․ ուստի դասակարգման սանդղակում Հայաստանը պահպանել է իր դիրքը 2-րդ խմբում։
Հիշյալ ջանքերը ներառում են ՀԿ-ների հետ համագործակցելով քննազննման (սքրինինգի) ցուցիչների մշակում՝ միգրացիոն հոսքերում զոհերի բացահայտմանն օգնելու նպատակով. եւ անձին որպես զոհ նույնացնելու ստանդարտ ցուցիչների սահմանում Զոհերի նույնացման հանձնաժողովի համար՝ պաշտոնապես գնահատելու եւ անձին որպես զոհ նույնացնելու նպատակով։
Զեկույցում նշվում է՝ ՀՀ Կառավարությունն աշխատանքային օրենսգրքում ներառել է «հարկադիր աշխատանքի» սահմանումը, փոխել է ընթացակարգերը՝ հնարավորություն ընձեռելով բոլոր պետական կառույցներին ու ՀԿ-ներին զոհերին ուղղորդելու դեպի Զոհերի նույնացման հանձնաժողով, որոշում է ընդունել զոհերի աջակցության նվազագույն չափորոշիչների վերաբերյալ։
Ըստ վերոնշյալ զեկույցի՝ թրաֆիքինգի դեմ պայքարը համակարգող մարմինները հետեւողականորեն հանդիպումներ են ունեցել, մշակվել եւ ընդունվել է 2023-2025 թվականների գործողությունների ազգային ծրագիրը։ Այնուհանդերձ, Կառավարությունն ամբողջությամբ չի բավարարել թրաֆիքինգի վերացման նվազագույն չափանիշներին մի շարք առանցքային ուղղություններում։
«Պատկան մարմինների կողմից ավելի քիչ կասկածյալների վերաբերյալ են անցկացվել քննություններ եւ քրեական հետապնդումներ, նույնացվել են ավելի քիչ թվով զոհեր։ Դատավորները թրաֆիքինգի համար դատապարտվածների նկատմամբ որպես պատիժ կիրառել են պրոբացիա (փորձաշրջան), որը չի նպաստում այս հանցագործության կանխմանը կամ համարժեք կերպով չի արտացոլում այս հանցանքի էությունը, արձագանքման առաջին օղակում գտնվողները բնակչության խոցելի խմբերի շրջանում թրաֆիքինգի ցուցիչների մասով հետեւողական քննազննում չեն ապահովել»,- նշվում է զեկույցում։
Եվրոպայի խորհրդի Մարդկանց շահագործման (թրաֆիքինգի) դեմ պայքարի փորձագիտական խմբի` (GRETA) 2022 թվականի հաշվետվությունում նշվում է՝ GRETA-ն ընդունում է ՀՀ օրենսդրական եւ քաղաքական դաշտի բարելավումները, սակայն իշխանություններին խնդրում է ուժեղացնել զոհերին տեղեկության տրամադրումը, բարելավել իրավական օգնության եւ հոգեբանական օգնության հասանելիությունը, հեշտացնել հանցագործներից փոխհատուցման հասանելիությունը, ինչպես նաեւ արդյունավետորեն հետաքննել թրաֆիքինգի եւ շահագործման բոլոր ձեւերը եւ նպաստել զոհերի վերաինտեգրմանը:
GRETA-ի հաշվետվությունում նշվում է՝ իշխանությունները պետք է ուժեղացնեն խոցելի խմբերի (գյուղական բնակավայրերի երեխաներ եւ երեխաների խնամքի հաստատություններում տեղավորված երեխաներ) երեխաների թրաֆիքինգի կանխարգելմանն ուղղված ջանքերը եւ ավելի մեծ ուշադրություն դարձնեն երեխաների թրաֆիքինգի եւ տեղեկատվական եւ հաղորդակցական տեխնոլոգիաների օգտագործման կապին: GRETA-ն ՀՀ Կառավարությանը կոչ է արել զոհերին երկարաժամկետ աջակցություն տրամադրել։
Ինչի՞ է հանգեցնում լռելը
Երբեմն թրաֆիքինգի ենթարկվածն անգամ հնարավարություն ունենալու դեպքում խուսափում է իրավապահներին դիմելուց։ Հայաստանում թրաֆիքինգի դեմ պայքարի աշխատանքային խմբի անդամ, հանրային իրազեկման ծրագրերում ներգրավված, antitrafficking.am կայքը վարող «Աուդիո-Վիզուալ լրագրողների ասոցիացիա» ՀԿ-ի նախագահ Արզուման Հարությունյանն ասում է՝ հիմնականում հասարակության կարծիքի, խարանի պատճառով է, որ զոհերը լռում, իրավապահներին չեն դիմում։
Նա վստահեցնում է՝ Հայաստանն այսօր համարվում է թրաֆիքինգի դեմ պայքարի գործում լավագույն օրենսդրություն ունեցող երկրներից, մեր երկրում զոհակենտրոն քաղաքականություն է վարվում։ Մարդկանց թրաֆիքինգի եւ շահագործման գործերը քննում են միայն հատուկ վերապատրաստում անցած իրավաբանները։ Եթե նույնիսկ դեպքը գրանցվում է մարզերում, գործը կազմվում է եւ ուղարկվում Երեւան, քանի որ գործի հետագա քննությունը վարում են հատուկ մասնագետները։ Բայց հասարակության մեջ կարծրատիպերն ու անհանդուրժողականությունը հաճախ խոչընդոտում են թրաֆիքինգի զոհի վերաինտեգրումը, երբեմն էլ զոհը հենց խարանի ու խտրականության բախվելուց խուսափելով լռում է`նույնիսկ իրավապահներին չհայտնելով կատարվածի մասին։
«Ոմանք, թրաֆիքինգի զոհերի մասին խոսելով, ասում են՝ «լավ գիտեին՝ ուր են գնում, ինչ են անելու»․ այսպիսի արտահայտությունները հիմնականում սեռական շահագործման ենթարկված զոհերի մասին են։ Թրաֆիքինգի ենթարկվածի՝ իրավապահներին չդիմելու պատճառներից մեկն էլ այն է, որ Հայաստանը բավական փոքր երկիր է, միջանձնային կապերը բավական լավ են զարգացած, այդ մարդիկ փորձում են խուսափել թրաֆիկյորի (թրաֆիքինգի ենթարկածի — Հ․ Բ․) վրեժխնդրությունից»,- ասում է Արզուման Հարությունյանը։
«Երբեմն հարեւանները, անգամ ընտանիքի անդամները հետ չեն ընդունում թրաֆիքինգի զոհին։ Գործատուն էլ, եթե իմանում է, որ տվյալ մարդը թրաֆիքինգի է ենթարկվել, նրան աշխատանքի չի ընդունում․ մենք ունենք նման դեպքեր։ Գործատուներն ասում են՝ չեն ուզում պատմությունների մեջ ընկնել, ունեն այնպիսի կարծրատիպեր, ինչպես հասարակության հիմնական մասը»,- ասում է Արզուման Հարությունյանը։
Թրաֆիքինգի ենթարկվածի անձնական տվյալները չի կարելի հանրայնացնել։ Թրաֆիքինգի զոհերի անձնական տվյալները բացահայտողները, այդ դեպքերը հանրայնացնողները հիմնականում նրանք են, որոնք տեղեկացել են այդ մասին (երբեմն հարազատներն ու հարեւանները)։ Կան դեպքեր, երբ այդ հանրայնացումն արվում է մեդիայի միջոցով։ Թրաֆիքինգի կամ շահագործման ենթարկվածի անձնական տվյալները բացահայտելը երբեմն կարող է հանգեցնել նրան, որ թրաֆիքինգի զոհը է՛լ ավելի ծանր իրավիճակում հայտնվի, բախվի կրկնազոհացման կամ նույնիսկ դառնա թրաֆիկյոր։
«Հայաստանում եղել է դեպք, երբ թրաֆիքինգի զոհին հասարակությունը հետ չի ընդունել, եւ նա չի կարողացել վերաինտեգրվել ու հասարակությունից վրեժ է լուծել՝ դառնալով թրաֆիկյոր։ Թրաֆիքինգի զոհը գիտի՝ դա ինչպես է արվում, ինչպես են դա իր նկատմամբ արել, եւ նա կրկնակի դաժանությամբ է դա արել ուրիշների նկատմամբ»,- պատմում է Արզուման Հարությունյանը։
Թրաֆիքինգի դրսեւորման ձեւերը ժամանակի ընթացքում փոխվում են։ Եթե նախկինում հավաքագրումը տեղի էր ունենում հանդիպումների միջոցով, այսօր արդեն տեղափոխվել է ինտերնետային տիրույթ, այսինքն՝ թրաֆիկյորը հնարավոր զոհերի հետ զրուցում, պայմանավորվում է համացանցային կապի միջոցով, իսկ դրա հետեւանքով հանցագործությունն ավելի է լատենտավորվում։
Ըստ այդմ՝ մարդկանց թրաֆիքինգի ու շահագործման դեմ մղվող պայքարի մի մասն էլ տեղափոխվել է ինտերնետային տիրույթ։ «Աուդիո-Վիզուալ լրագրողների ասոցիացիա» ՀԿ-ն ինքնանույնացման թեստեր է բաժանում միասնական սոցիալական ծառայության տարածքային կենտրոններին, որոնք էլ բաժանում են քաղաքացիներին։ Թեստը կարելի է լրացնել նաեւ առցանց եղանակով։ Նա, ով կասկած ունի, որ թրաֆիքինգի կամ շահագործման է ենթարկվում, կարող է լրացնել թեստը՝ վանդակներում նշում կատարելով։ Թեստում ներկայացված է 11 իրավիճակ։
«Եթե քաղաքացին նկատում է, որ թեստում ներկայացվածներից որեւէ մեկը համընկնում է իր իրավիճակի հետ, ապա նա մարդկանց թրաֆիքինգի կամ շահագործման ենթադրյալ զոհ է։ Դրանում հավաստիանալու նպատակով նա կարող է դիմել համապատասխան մարմիններին։ Մենք ուզում ենք հասնել նրան, որ մարդը կարողանա իր վիճակը ինքնագնահատել, իրեն ինքնանույնացնել։ Մարդկանց ներկայացնում ենք նաեւ աջակցության այն տեսակները, որը պետությունը տրամադրում է թրաֆիքինգի զոհերին»,- մանրամասնում է Արզուման Հարությունյանը։
Հարցին՝ արդյո՞ք հասարակությունը վերջին տարիներին ինչ-որ չափով ձերբազատվել է կարծրատիպերից, այսինքն՝ համեմատաբար ավելի քիչ է խտրականության ու խարանի ենթարկում թրաֆիքինգի զոհերին, Արզուման Հարությունյանն ասում է՝ դրական տեղաշարժը շատ փոքր է, աննշան։ Ոմանք էլ ուղղակի անտարբեր են դարձել։
Թրաֆիքինգի կամ շահագործման ենթարկվածի լռելը, իրավապահներին չդիմելը հանգեցնում է անպատժելիության զարգացման․ թրաֆիկյորը շարունակում է մարդկանց թրաֆիքինգի ենթարկել, այդ հանցատեսակի ծավալներն աճում են։
«Հանրային իրազեկում կատարելիս միշտ ասում ենք՝ եթե դու թրաֆիքինգի կամ շահագործման ես ենթարկվել, պիտի դիմես իրավապահներին, որպեսզի քո բարեկամը, հարեւանը նույն ճակատագրին չարժանանա։ Անձնական էգոն պետք է ստորադասել, որպեսզի կայացած հասարակություն ունենանք։ Պահանջելուց զատ պիտի միշտ հիշենք՝ իսկ ի՞նչ պարտավորություն ունենք մենք։ Պետությունը հանրային գիտակցության մակարդակը բարձրացնելու, քաղաքացի դաստիարակելու խնդիր ունի»,- ասում է Արզուման Հարությունյանը։
«Հանրային իրազեկումն արվում է ոչ միայն զոհերի հայտնաբերման եւ այս հանցատեսակի կանխարգելման նպատակով, այլեւ հնարավոր թրաֆիկյորներին զգուշացնելու, որ ՀՀ-ում թրաֆիքինգը ամենածանր հանցատեսակների թվին է դասվում, եւ ծանր պատիժ է նախատեսվում»,- ասում է նա։
Նշում է՝ մարզերում կան դեպքեր, երբ գյուղատնտեսության ոլորտում աշխատողները շահագործման են ենթարկվում։ Ցավոք, հաճախ անձը չի գիտակցում, որ ինքը թրաֆիքինգի կամ շահագործման զոհ է։
Մարդու թրաֆիքինգը կամ շահագործումը ազատության, պատվի, արժանապատվության, ֆիզիկական կամ հոգեկան անձեռնմխելիության դեմ ուղղված հանցագործություններից է։ «Քրեական օրենսգրքի» 26-րդ գլխի 188-րդ եւ 189-րդ հոդվածներով սահմանվում է՝ մարդու թրաֆիքինգը կամ շահագործումը պատժվում է ազատազրկմամբ՝ հինգից մինչեւ տասնհինգ տարի ժամկետով։
Փաստաբան Ալեքսանդր Կոչուբաեւն ասում է՝ վերջին տարիներին նվազել է արտագնա աշխատանքի մեկնողների քանակը։ Նրանց թվում կային մարդիկ, որոնք Ռուսաստանում ստորացուցիչ պայմաններում էին աշխատում։
Աշխարհաքաղաքական նոր իրողություններով պայմանավորված՝ հիմա անհամեմատ քիչ են արտագնա աշխատանքի մեկնողները։ Վերջին շրջանում հնդիկների ու ռուսների ներգաղթից հետո աշխատանքային շահագործման դեպքեր են լինում Հայաստանում։ Խոսելով թրաֆիքինգի եւ շահագործման մասին՝ փաստաբանն ասում է՝ այս հանցակազմը, երեւի թե, առավել քան որեւէ այլ հանցակազմ, ունի լատենտայնության բարձր ցուցիչ՝ տուժողների առանձնահատկությամբ պայմանավորված։ Սովորաբար տուժողներն են լռում, ինչի հետեւանքով հանցագործության դեպքերը մնում են չբացահայտված։ Ցավոք, հատկապես սեռական շահագործման ենթարկված որոշ մարդկանց համար հետագայում դա կարող է դառնալ աշխատանք, գումար վաստակելու միջոց։ Թրաֆիքինգը բազմաշերտ է, դրա պատճառով կարող են առաջանալ այլ ծանր խնդիրներ։ Օրինակ՝ մարմնավաճռությունն առաջացնում է նաեւ այլ ծանր հետեւանքներ․ դրա հետ սերտորեն կապված է նաեւ թմրաշրջանառությունը, սուր վարակիչ հիվանդությունների, հատկապես սեռավարակների, ՄԻԱՎ/ՁԻԱՀԻ, հեպատիտների տարածումը։
«Թրաֆիքինգի դեմ պայքարի գործում չափազանց կարեւոր է նաեւ հանրության պայքարը․ քանի դեռ մարդիկ նորմալ են վերաբերվում աշխատանքային շահագործմանը՝ աշխատողին չվերաբերվելով որպես մարդու, այլ որպես «խոսող գործիքի», այդպիսի դեպքերն աճի միտում են ունենալու»,- ասում է փաստաբանը։
Ալեքսանդր Կոչուբաեւը նշում է՝ մեր երկիր գումար վաստակելու եկած հնդիկներ կան, որոնք աշխատում են աշխատանքային սարսափելի պայմաններում։ Հասարակությունը պետք է հասկանա՝ մենք թրաֆիքինգը սնո՞ղ պետություն ենք, թե՞ թրաֆիքինգի դեմ պայքարող։ Եթե այսօր մեր երկրում թրաֆիքինգը սնում են՝ աշխատողին վարձակալելով եւ նրան անգամ նվազագույն աշխատավարձ չտալով, այս դեպքում սնում են թրաֆիքինգը։ Ըստ մասնագետի՝ այս խնդրի մասին պետք է անընդհատ խոսել նաեւ պետական մակարդակով։
«Մենք պետք է դառնանք հասարակություն, որը մարդուն նվազագույն աշխատավարձից ավելի ցածր վարձատրելը կհամարի ամոթալի, պախարակելի երեւույթ․ այդ դեպքում կհաջողենք։ Իսկ քանի դեռ հասարակությունը սնում է թրաֆիքինգը՝ ասելով «դե, հնդիկ է, թող օրական հազար դրամով աշխատի ավտոլվացման կետում», դառնալու ենք թրաֆիքինգը սնող երկիր»,- ասում է փաստաբանը։
Ալեքսանդր Կոչուբաեւը բացատրում է՝ եթե մարդը թրաֆիքինգի է ենթարկվում, որքան հնարավոր է վաղ փուլում պիտի ահազանգի իրավասու մարմիններին։
«Իմ փորձից կարող եմ ասել՝ եթե տուժողները վաղ փուլում չեն դիմում իրավասու մարմիններին, մի քանի ամիս հետո նրանք համակերպվում են այդ իրավիճակին։ Երբեմն էլ, ցավոք, դա դառնում է նրանց կյանքի մասնագիտությունը։ Իմ խորհուրդը, հորդորը այդ մարդկանց․ ավելի լավ է դիմել իրավապահներին, եթե անգամ շատ դժվար է թվում այս պրոցեսը, ավելի լավ է ուժ գտնել, դա անել, ոչ թե ամբողջ կյանքում տանջվել»,- հորդորում է փաստաբանը։
Խոսքելով թրաֆիքինգի դեպքերի քննության, դատաքննության մասին՝ փաստաբանը հիշեցնում է՝ օրենքով սահմանված են լրացուցիչ երաշխիքներ․ կա դռնփակության երաշխիք, մամուլի հաղորդագրություններ չեն տարածվում այն մասին, որ ինչ-որ մեկը թրաֆիքինգի է ենթարկվել։ Այդպիսի գործերի քննություններն ընթանում են փակ, գաղտնի ռեժիմով։ Թրաֆիքինգի ենթարկվածների իրավունքները երաշխավորվում են օրենքով․ այդ մարդկանց «Քրեական դատավարության օրենսգիրքը» հատուկ պաշտպանության միջոցներ կիրառելու հնարավորություն է տալիս. կարող են փոփոխվել անձնական տվյալները կամ առհասարակ անձը գաղտնի պահվել, ձայնը փոխվել։ Օրենսդրությունը բավական լայն գործիքակազմ է սահմանել այս առումով։«Սա շատ զգայուն ոլորտ է։ Պետք է հասկանալ, որ թրաֆիքինգի կամ շահագործման դեմ պայքարը տեղի է ունենում առաջին հերթին հենց տուժողների ռեսուրսներով»,- ասում է փաստաբանը։
Թրաֆիքինգի ենթարկվածն իրավասու մարմիններին դիմելով շատերին կարող է փրկել։ Մասնագետը վստահեցնում է՝ մեկ թրաֆիկյորի բացահայտումը փրկում է հարյուրավոր մարդկանց կյանքեր, ճակատագրեր։ Ոչ միայն ապագայում տեղի ունենալիք դեպքերն են կանխվում, այլեւ նախկինում կատարվածներն են բացահայտվում, զոհերի շահերն են պաշտպանվում։ Թրաֆիքինգի մասին չահազանգելը հանգեցնում է նոր դեպքերի, նոր զոհեր են լինում։
Օգնության հեռախոսահամարներ թրաֆիքինգի կամ շահագործման ենթարկվածների համար․
- 114– ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարություն
- 0-800-50-550– ՀՀ ոստիկանություն
- 060-62-05-38– ՀՀ արտաքին գործերի նախարարություն
- 0-800-50-558– «Դեմոկրատիան այսօր» ՀԿ
Արտերկրից վճարովի զանգերի համար`
- +374 (11) 563 963 – ՀՀ ոստիկանություն
Լրագրողն իր մասնագիտական գործունեությամբ հասարակական կարծիք է ձեւավորում։ Հենց ա՛յդ գիտակցումով եմ առաջնորդվում եւ աշխատում։