ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը Երեւանում կայացած սամբոյի աշխարհի առաջնությունը համարում է կազմակերպչական առումով «իդեալականին մոտ»:
«Իհարկե, այսպիսի խոշոր միջոցառումները չեն կարող ամբողջովին զերծ լինել որոշակի թերություններից, բայց դրանք հասցված էին նվազագույնի եւ չազդեցին որակական արդյունքի վրա»,- լրագրողների հետ զրույցում ասել է փոխնախարարը:
Նա նշել է, որ մասնակից երկրների մարզիկները գոհունակություն են հայտնել հյուրընկալության համար: Մինչդեռ, օրինակ, առաջնության կազմակերպման կապակցությամբ Ադրբեջանում առաջացել են բազմաթիվ հարցեր։ Այնտեղ, օրինակ, կարծում են, որ առաջնության ընթացքում տեղի է ունեցել «հակաադրբեջանական սադրանք»։
«Ադրբեջանը չի մասնակցել երեւանյան առաջնությանը, եւ դա ճիշտ որոշում էր։ Հայաստանյան լրատվամիջոցներն ուրախությամբ շեփորահարում են իրենց անջատողականների «դրոշի» (նկատի է առնվում Արցախի դրոշը – խմբ․) դուրսբերումը Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիր, որտեղ անցկացվում էր առաջնությունը, եւ այդ պահը ցուցադրվել էր հայկական հեռուստաալիքների ուղիղ եթերում։ Պետք է հարցեր ուղղել սամբոյի միջազգային ֆեդերացիայի նախագահ Վասիլի Շեստակովին, որն, ի դեպ, հանդիպել էր Նիկոլ Փաշինյանի հետ եւ նրան հուշամեդալ հանձնել։ Եվ, թեեւ, սպորտը չպետք է քաղաքականացվի, բայց նմանօրինակ սադրանքները հերթական անգամ ապացուցում են, որ Հայաստանը, որպես երկիր, պատրաստ չէ խաղաղության»,- գրում է ադրբեջանական լրատվամիջոցներից մեկը։
Միեւնույն ժամանակ, ադրբեջանական լրատվամիջոցը հիշեցնում է սույն թվականի ապրիլին Երեւանում անցկացված՝ ծանր աթլետիկայի Եվրոպայի առաջնության ժամանակ տեղի ունեցած միջադեպը, երբ դիզայներ Արամ Նիկոլյանը վառել էր ադրբեջանական դրոշը։ «Հայաստանը խոստացել էր երաշխավորել միջոցառման պատշաճ անցկացում, այնինչ նման միջադեպերը հակառակն են ցույց տալիս։ Ադրբեջանը կազմակերպում է բազմաթիվ առաջնություններ, որոնց մասնակցում են նաեւ Հայաստանի ներկայացուցիչները, եւ ոչ մի անգամ հայկական դրոշ չի վառվել։ Իսկ Երեւանում ոչ միայն տեղի ունեցավ նման սադրանք, այլեւ սադրիչը ոչ մի պատիժ չկրեց»,- գրում է ադրբեջանական մամուլը։
Նշենք, որ Երեւանում անցկացված սամբոյի աշխարհի առաջնությանը Հայաստանի հավաքականը նվաճել է 5 արծաթե եւ 5 բրոնզե մեդալ:
Պատրաստեց Տիգրան Աթանեսյանը