Տեսանյութը հրապարակվում է առաջին անգամ
Այստեղ ես եկել եմ պարզապես խոսելու, ըստ երեւույթին առաջին անգամ, այսպես անմիջականորեն եւ շատ հստակ, միանգամայն անկեղծ, նույնիսկ պետական գաղտնիքներ արտահայտելու վտանգով եւ խնդրում եմ, որ այս դահլիճից որեւէ խոսք չպետք է դուրս գա։
Ուրեմն, ձեզ ներկայացնեմ սկզբնաղբյուրից, որովհետեւ դուք թերթերում, փողոցներում կարող եք շատ բան լսել մեր մոտեցումների մասին, մեր քաղաքականության մասին, բայց ինձնից դեռ չեք լսել։Հստակ ներկայացնեմ մեր մոտեցումները, Հայաստանի, այսինքն՝ Հայաստանի մոտեցումները Ղարաբաղի հարցին։
Ես այս հարցը կբաժանեի երեք մասի՝ դիվանագիտական, տնտեսական եւ ռազմական։ Որովհետեւ Ղարաբաղի հարցը մեզ համար կոմպլեքս հարց է եւ ենթադրում է միաժամանակյա, համակարգված քաղաքականություն այս երեք բնագավառներում։
Նախ խոսենք դիվանագիտության մասին։
Գիտեք, բազմաթիվ թյուրիմացություններ եղան, երբեմն նույնիսկ անհասկացողություններ՝ մասնակցե՞լ, թե՞ չմասնակցել Մինսկի կոնֆերանսին կամ Մինսկի գործընթացին, հաշտվել այն մտքի հետ, որ միջազգային հանրությունը պետք է միջամտի այս հարցին, եւ մենք պարտավոր ենք մեր մասնակցությունը բերել, թե ոչ, այնուամենայնիվ, ես գտնում եմ, որ մենք ճիշտ որոշում կայացրինք, ճիշտ ընտրություն կատարեցինք՝ մասնակցելով միջազգային հանրության առաջարկած այդ կարգավորման պրոցեսին։
Այս ընթացքում մենք հաղթահարեցինք, իհարկե, շատ դժվարություններ, շատ արգելքներ՝ մասնավորապես Ղարաբաղի կարգավիճակի հարցը բանակցությունների պրոցեսում։ Ի վերջո դա պսակվեց հաջողությամբ եւ Բուդապեշտի ԵԱՀԿ գագաթնաժողովում Ղարաբաղն արդեն արձանագրվեց որպես կոնֆլիկտի լիարժեք կողմ։
Ի դեպ, այդ գագաթնաժողովը շատ կարեւոր էր այն առումով, որ ընդունվեց մի փաստաթուղթ, որով փաստորեն չեղյալ համարվեցին նախկին բոլոր միջազգային որոշումները Ղարաբաղի նկատմամբ։ Մասնավորապես՝ ՄԱԿ-ի բանաձեւերը, որտեղ պահանջվում էր Ղարաբաղից զորքերի անվերապահ դուրսբերում գրավված տարածքներից։
Այսօր նման անվերապահ պահանջ չկա, որովհետեւ Բուդապեշտում արձանագրվեց, որ դա պետք է տեղի ունենա միայն Լեռնային Ղարաբաղում կամ Լեռնային Ղարաբաղի եւ Ադրբեջանի սահմաններում միջազգային խաղաղարար ուժեր տեղադրելուց հետո։ Քանի դա չկա, ոչ ոք չի կարող պահանջել Ղարաբաղից ետ քաշել իր զորքերը։
Այսօր, գիտեք, այդ պրոցեսը, որը ղեկավարում է Ղարաբաղի կողմից Ղարաբաղի արտաքին գործերի նախարար Արկադի Ղուկասյանը, փաստորեն դադար է առած։ Մեկ տարի է բոլոր կողմերը ձեւ են անում, որ բանակցում են, անընդհատ հանդիպում, մի պահ եղավ, որ ամիսը երկու անգամ էին կազմակերպվում նման հանդիպումներ։ Ավելին՝ Բոննի հանդիպումից հետո դրան գումարվեց նաեւ Ադրբեջան-Հայաստան երկկողմանի բանակցությունների մի ֆորմատ՝ Ժիրայր Լիպարիտյանի եւ Վաֆա Գուլուզադեի միջեւ։ Արդեն տեղի է ունեցել հինգ հանդիպում։ Այսօր Լիպարիտյանը մեկնում է Ֆրանկֆուրտ, վաղը տեղի կունենա վեցերորդ հանդիպումը։
Բայց, ըստ էության, այս երկու պրոցեսներն էլ, որոնք ընթանում են Մինսկի խմբի բանակցությունների շրջանակում, որեւէ առաջընթաց չեն արձանագրել։ Դա չի նշանակում, իհարկե, որ դրանք անարդյունք են։ Ոչ, ամենեւին ոչ, ես այդպես չեմ կարծում եւ ԵԱՀԿ-ի ներկայացուցիչներին, եւ Մինսկի խմբի ներկայացուցիչներին միշտ շեշտում եմ նրանց խաղացած, կատարած մեծ դերը, որովհետեւ ես դա համարում եմ խաղաղության ամրապնդման կարեւոր ֆակտոր։ Եթե չլինեին այս բանակցությունները, եթե միջազգային հանրությունը հույսեր չունենար, որ հարցը հնարավոր է լուծել բանակցությունների միջոցով, ապա զինադադարն այսքան տարի չէր լինի։
Ուրեմն թեկուզ անարդյունք՝ քաղաքական, դիվանագիտական տեսակետից, բայց իրականում այդ բանակցություններն այսօր խաղաղության ամրապնդման ամենակարեւոր ֆակտորն են։ Եվ մենք չպետք է խուսափենք, հակառակը՝ նույնիսկ պետք է նախաձեռնություններ հանդես բերենք, արագացնենք, առաջարկներ անենք ընդլայնելու ֆորմատները, մասնակցելու ոչ միայն Հայաստան-Ադրբեջան ուղղակի բանակցություններին, չվախենալ Ղարաբաղ-Ադրբեջան ուղղակի բանակցություններից, Հայաստան-Միացյալ Նահանգներ, Հայաստան-Ռուսաստան, Ղարաբաղ-Միացյալ Նահանգներ, Ղարաբաղ-Ռուսաստան։
Այսինքն՝ այս երկկողմանի բանակցությունների մեխանիզմը մեզ հնարավորություն կտա միջազգային հանրության առջեւ հանդես գալ որպես խաղաղարար, հանդես գալ որպես կոնստրուկտիվ կողմ, որպես կոմպրոմիսների պատրաստ կողմ՝ չպետք է վախենալ այս բառից։ Ամենեւին ոչ։ Մենք խոսել ենք խաղաղությունից, մենք խոսել ենք կոմպրոմիսներից, բայց արդյունքները բոլորովին այլ բանի մասին են խոսում։ Չպետք է վախենալ։
Եթե այդպես չխոսեինք, եթե խաղաղությունից չխոսեինք, կոմպրոմիսներից չխոսեինք, այս հաջողությունները չէին լինի։ Մենք դրանով նրանց ցույց տվեցինք, որ հնարավոր է հարցը քաղաքական ճանապարհով լուծել։ Այլապես, եթե դա չլիներ, Քելբաջարից հետո, ես կասկածում եմ, որ միջազգային հանրությունը ձեզ հնարավորություն տար անել այն, ինչ արվեց։
Ուրեմն, այս հարցում, ես կարծում եմ, մեր դիրքորոշումը պետք է լինի հստակ։ Չպետք է վախենալ ցանկացած բարձրացված հարցից։
Մեզ հիմա փորձում են ներքաշել, քանի որ այս քայլ առ քայլ լուծումը չստացվեց, գիտեք՝ քայլ առ քայլ լուծման էությունն ինչ էր, տարածքների մի մասը պետք է վերադարձվեր, Ղարաբաղի սահմանների երկայնքով պիտի տեղակայվեին միջազգային խաղաղարար ուժեր, այդ թվում նաեւ Լաչինի միջանցքի երկայնքով։ Սա որպես առաջին քայլ կամ առաջին էտապ լուծման եւ երկրորդ էտապում, Մինսկի կոնֆերանսում պիտի որոշվեր Լեռնային Ղարաբաղի կարգավիճակը։
Սա քայլ առ քայլ լուծման մեթոդիկան էր։ Մենք Ղարաբաղի հետ միասին պատրաստ էինք լրջորեն վերաբերվել այս տարբերակին։ Գիտակցաբար մենք ընտրում էինք Կիպրոսի տարբերակը։ 1974 թվականից հետո բաժանված են հակամարտող կողմերը, խաղաղարար ուժերը տեղադրված են նրանց միջեւ, բայց մինչեւ այսօր, անցել է արդեն 22 տարի, դեռեւս Կիպրոսի կարգավիճակը չի լուծված։
Մենք պատրաստ էինք գնալ այս տարբերակին։ Այսինքն՝ ենթադրելով ունենալ այդ ապահովությունը, փաստորեն ֆիզիկապես անջատել Ղարաբաղը Ադրբեջանից միջազգային խաղաղարար ուժերի միջոցով, իսկ գիտեք, մի անգամ որ սահմանը դրվում է, միջազգայնորեն ճանաչվում, դրանից հրաժարվելը շատ դժվար է ամբողջ աշխարհում։ Եվ պատրաստ լինել այն բանին, որ 20-30 տարի Ղարաբաղի կարգավիճակի հարցը դեռեւս չէր լուծվելու։ Եվ այս ժամանակաշրջանն օգտագործել, ինչպես Կիպրոսի հունական մասը կարողացավ օգտագործել, տնտեսապես զարգանալ, տնտեսապես հզորանալ, մեծացնել Ղարաբաղի բնակչությունը, 20-30 տարի հետո ունենալ, ասենք, 300-400 հազար մարդ, որից հետո, ինձ թվում է, Ղարաբաղի հետ ոչ ոք չէր կարող հաշվի չնստել։
Այս տարբերակից Ադրբեջանը վախեցավ։ Վախեցավ երկու պատճառով, նախ, որ ինքը շատ լավ հասկացավ, թե ինչ է նշանակում Կիպրոսի տարբերակ։ Նրանք հասկանում էին, որ դա կարող է շատ երկար տեւել։ Երկրորդ մտավախությունն այն էր, որ Ադրբեջանը վախենում էր, որ խաղաղարար ուժերի շարքում կամ նրանց մեջ մեծ կշիռ պետք է ունենային ռուսական ուժերը, հիսուն տոկոսն արդեն ապահովված էր, դա բոլոր կողմերն էին ընդունում, նույնիսկ Միացյալ Նահանգները, Եվրոպան ընդունում էին, որ այդ կոնտինգենտի 50 տակոսը պետք է լինի ռուսական, թեեւ Ռուսաստանը, ես կարծում եմ, բավական հիմքեր ուներ պնդելու, ակնկալելու ավելի մեծ մասնակցություն՝ մինչեւ 60-70 տոկոսի։ Դա, ըստ երեւույթին, կլիներ, որովհետեւ եվրոպական երկրները պատրաստ չեն ռեալ զինվորական կոնտինգենտ տրամադրել խաղաղարար ուժերի կազմում։
Եվ բնականաբար Ռուսաստանի կշիռը մեծանում էր։ Երկրորդ վախը Ադրբեջանի սա էր, որ այս առիթով ռուսական զորքերը նորից կտեղակայվեն Ադրբեջանում։ Եվ Ադրբեջանը, մի պահ մենք զգացինք եւ դա անմիջապես ներկայացրինք մեր պարտնյորներին՝ Միացյալ Նահանգներին, Ռուսաստանին, որ Ադրբեջանը փաստորեն հրաժարվեց քայլ առ քայլ լուծման մեթոդիկայից։ Իսկ բանակցություններում սկսեց ձեւ անել, որ բանակցում է։
Դա ուղղակի սաբոտաժ էր նրա կողմից։ Եվ սկսեց առաջ քաշել, թե գիտեք ինչ, չի կարելի սա, մինչեւ կարգավիճակի շուրջ գոնե մի սկզբունքային համաձայնություն չկայացվի, մենք չենք կարող համաձայնել այդ քայլ առ քայլ լուծման տարբերակին։
Իսկ սկզբունքային համաձայնություն ասելով՝ նրանք ենթադրում էին հետեւյալը, որ գոնե պետք է հայկական կողմը ճանաչի Ադրբեջանի տերիտորիալ ամբողջականությունը, ընդունի, որ Ղարաբաղը կարող է մնալ Ադրբեջանի կազմում, իսկ Ադրբեջանը դրա դիմաց պատրաստ է Ղարաբաղին տալ շատ լայն ինքնավարություն, ինչպես բազմիցս ասել է Ալիեւը կամ բոլոր մյուս դիվանագետները ադրբեջանական։ Կամ նույնիսկ ավելին, ասում են՝ ամենաբարձր ինքնավարությունը, որն ընդհանրապես գոյություն ունի։
Երբ ասում եմ, հարց եմ տալիս՝ ո՞րն է դա, ասում են՝ օրինակ, Թաթարստանը։ Այն, ինչ Թաթարստանն այսօր ունի, ինչպիսի պայմանագիր ստորագրել է Ռուսաստանի հետ, մենք պատրաստ ենք դա տալ։ Հիմա, իհարկե, Չեչնիան ավելին կստանա, հաջորդ անգամ նա կարող է ասել՝ Չեչնիա։ Բայց դրանից բարձրն էլ կա՝ Բոսնիական Սերբիայի օրինակը, որը, կարելի է ասել, դե ֆակտո անկախություն է։
Ինչեւէ, մենք սա էլ կարող ենք օգտագործել որպես բանակցությունների արգումենտ եւ օգտագործում ենք։ Բայց մենք զգացինք մեկ բան, որ դրանով նախ Ադրբեջանը փորձում է կապել մեր ձեռքերը միանգամից, որովհետեւ երբ նրանց ասում ենք՝ կոնկրետ կասեք, թե ինչ եք հասկանում ամենաբարձր ավտոնոմիա, որ ընդհանրապես գոյություն ունի կամ լայն ինքնավարություն, նա չի կարողանում պատասխանել։ Ասում են՝ դուք համաձայնեք, հետո մենք կանենք։ Այսինքն՝ այն, ինչ իրեն է պետք, նա այսօր է ուզում ստանալ, այն, ինչ պետք է Ղարաբաղին, մնում է անորոշ ապագային։
Ի դեպ, նման մոտեցում կար նաեւ որոշ միջնորդների կողմից, մասնավորապես՝ Միացյալ Նահանգների, որոնց հետ մենք խոսակցություն ենք ունեցել շատ խիստ այս հարցով։ Մեզ պարզապես ներկայացրել էին մի փաստաթուղթ, այսպես կոչված՝ «Հայտարարություն սկզբունքների մասին», որտեղ ուղղակի գրված էր հետեւյալը՝ Հայաստանը ճանաչում է Ադրբեջանի տերիտորիալ ամբողջականությունը, իսկ Ադրբեջանը Ղարաբաղին շնորհում է լայն ինքնավարություն։
Մեզ ուղղակի զարմանք պատճառեց նման մոտեցումը։ Իհարկե, Միացյալ Նահանգներն ունի կոնկրետ շահեր, սա պետք է մենք գիտենանք, հասկանանք, հաշվի նստենք սրա հետ, չի կարելի անտեսել։ Առնվազն երեք հստակ նպատակ ունի, տեսնում ենք։
Առաջին՝ Միացյալ Նահանգներն ուզում են Ադրբեջանը դուրս բերել Ռուսաստանի ազդեցության գոտուց, իսկ դա հնարավոր է Ադրբեջանին սիրաշահելով։ Այս կոնտեքստում մեծացնել Ադրբեջանում Թուրքիայի ազդեցությունը։ Միացյալ Նահանգներն իրենց գլուխը մտցրել են, որ Թուրքիան օրինակ պետք է ծառայի ամբողջ իսլամական աշխարհի համար, որ դա աշխարհիկ դեմոկրատիայի ամենացայտուն ապացույցն է, այդ կեղծ դեմոկրտաիան եւ ի հակադրություն իսլամական ֆունդամենտալիզմի նրանք փորձում են աշխարհում տարածել թուրքական փորձը։
Ինչեւէ, ես կարծում եմ, սա չափազանց միամիտ մոտեցում է, որովհետեւ ապացուցվեց, ես նրանց ասում էի սրանից հինգ տարի առաջ, չէին հավատում, որ Թուրքիան արհեստական պետություն է եւ կառուցված է բանակային ուժի վրա, դեմոկրատիայի մասին խոսք լինել չի կարող, իսկ թուրքական հասարակությունը ոչնչով չի տարբերվում ո՛չ իրանական հասարակությունից, ո՛չ Եգիպտոսի, ո՛չ Ալժիրի հասարակություններից, եւ ամեն րոպե այնտեղ հնարավոր է իսլամական տարրերի վերելքը։ Եվ դա ապացուցվեց, այսօր Էրբաքանը Թուրքիայի վարչապետն է։ Ուրեմն սա առաջին մոտիվն է՝ Ռուսաստանի ազդեցությունից Ադրբեջանը հանելու եւ թուրքական ազդեցությունը տարածելու։
Երկրորդ մոտիվը Իրանին չեզոքացնելն է։ Այստեղ էլ, ես կարծում եմ, Իրանի ֆակտորը Միացյալ Նահանգները չափազանցնում են։ Բոլոր դեպքերում նա համարում է, որ Իրանի դեմ պատվար կանգնելն իր քաղաքական միսիան է։ Եվ նույնիսկ մեզ են երբեմն կշտամբում Իրանի հետ նորմալ հարաբերություններ ունենալու համար։
Իսկ երրորդ մոտիվը, կարծում եմ, ավելի լուրջ է։ Ըստ երեւույթին ամենալուրջը նավթն է։ Միացյալ Նահանգների նավթային, ոնց են ասում՝ մաֆիան չէ, նավթային կլանը ունի կոնկրետ շահեր։ Նրանք գիտակցում են, որ այսօր նավթ արդյունահանել չեն կարող, բայց նպատակ ունեն այսօր ոտքի տեղ անելու, ամրապնդվելու եւ այդ կոնսորցիումները, պայմանագրերը, նույնիսկ տրվող ավանսները, դրա դիմաց դեռեւս ոչինչ, եկամուտ, շահույթ չստանալով, խոսում են դրա մասին։ Եվ այս նավթային կլանը, ես կարծում եմ, բավականին ծանր կշիռ ունի Միացյալ Նահանգներում եւ կարող է լրջորեն ազդել Միացյալ Նահանգների քաղաքականության վրա։
Բայց երբ մեզ ներկայացրին ահա այս պահանջը, միամիտ կերպով մտածելով, որ մեզ համար ինչ-որ լավ բան են առաջարկում, իսկ երբ նրանց բացատրեցինք՝ ինչն ինչոց է, երբ նրանց բացատրեցինք, որ Հայաստանը երբեք, Հայաստանը երբեք չի կարող ճանաչել Ադրբեջանի տերիտորիալ ամբողջականությունը, երբեք չի կարող հայտարարել, որ Ղարաբաղը կարող է մնալ Ադրբեջանի կազմում, մինչեւ միջազգային հանրությունը հստակորեն, կետ առ կետ, բոլոր իրավական սահմանումներով մեզ չներկայացնի՝ թեկուզ իրենց պատկերացմամբ, Ադրբեջանի կազմում Ղարաբաղի կարգավիճակը։
Կներկայացնեն, մենք ձեզ հետ միասին, ահա, այսպես հավաքված, կքննարկենք, կդնենք իրար կողք, դրանից հետո մենք մեր պատասխանը կտանք։ Եթե մեզ ձեռնտու է, կասենք՝ այո, որովհետեւ խոսվում է նաեւ մի այսպիսի բանաձեւի մասին՝ Ղարաբաղի հարցի այնպիսի լուծում, որը դե յուրե պահպանում է Ադրբեջանի տերիտորիալ ամբողջականությունը, բայց դե ֆակտո ապահովում է Ղարաբաղի լիակատար անկախությունը։
Այսինքն՝ դա մոտավորապես բոսնիական լուծման տարբերակն է։ Դե յուրե բոսնիական միասնական պետությունը գոյություն ունի, բայց դե ֆակտո Բոսնիական Սերբիան անկախ պետություն է։ Անկախ պետություն է, այսինքն՝ մահմեդական Բոսնիան որեւէ տիրապետություն չունի սերբական Բոսնիայի նկատմամբ կամ Բոսնիական Սերբիան որեւէ ենթակայություն չունի մահմեդական Բոսնիայից։
Ուրեմն այս հարցը մնում է առկախ։ Մեզ դեռ որեւէ մեկը չի ներկայացրել, ընդամենը խոսք է դա՝ լայն ինքնավարություն, բաց ինքնավարություն, դե ֆակտո, դե յուրե. սրանք դատարկ խոսքեր են, որեւէ մեկը, ոչ մի միջնորդ դեռեւս մեզ չի ներկայացրել Ղարաբաղի ապագա կարգավիճակի իր պատկերացումը։ Չկա դա։
Ըստ երեւույթին ինչ-որ հույսեր ունեն, հույսեր են կապում նավթի շահագործման հետ, երբ միլիարդներ պիտի վաստակեն, դրա շնորհիվ հզորացնեն իրենց բանակը եւ մի օր փորձեն ռազմական ճանապարհով լուծել Ղարաբաղի հարցը։
Սա՝ մեկ։ Երկրորդը՝ հույսեր ունեն նավթից այսօր իսկ որոշ քաղաքական դիվիդենտներ ստանալ եւ նավթը դարձնել սակարկության առարկա հզոր տերությունների առջեւ եւ նրանցից կորզել քաղաքական զիջումներ՝ ի նպաստ Ադրբեջանի, ի վնաս Հայաստանի։
Ահա, սա է մոտավորապես դիվանագիտական բնագավառում մեր համատեղ աշխատանքի, ես համատեղ եմ ասում, որովհետեւ այս ասպարեզում Հայաստանի եւ Ղարաբաղի միջեւ կա լիակատար, ներդաշնակ գործունեություն։