2020-ի 44-օրյա պատերազմից հետո Ադրբեջանի կողմից գերեվարված լիբանանահայ Վիգեն Էուլջեքյանն առողջության լուրջ խնդիրներ ունի։ Դրա մասին «Արեւելք»-ին հայտնել է նրա կինը՝ Լինտա Էուլջեքյանը։ Նա ասել է, որ վերջին շրջանում հազվադեպ են կապ հաստատում Վիգենի հետ, եւ այդ ընթացքում պարզվել է՝ նա առողջության լուրջ խնդիրներ ունի, եւ պետք է վայրկյան առաջ նրան ազատել Բաքվի բանտից:
«Վիգենի կյանքը մազից է կախված։ Նրա առողջական վիճակը կտրուկ վատացել է»,- ասել է Էուլջեքյանի կինը։
Լինտա Էուլջեքյանը տեղեկացրել է նաեւ, որ ամուսնու ազատ արձակման համար քայլեր արվում են, սակայն մանրամասներ չի հայտնել՝ հուսալով, որ իր խոսքը կհասնի Հայաստանի, Սփյուռքի հասարակություններին, որոնք էլ միջոցներ կձեռնարկեն Վիգենի կյանքը փրկելու համար։
Լիբանանահայեր Մարալ Նաջարյանը եւ Վիգեն Էուլջեքյանը իրերի հետեւից Բերձոր էին մեկնել եռակողմ հայտարարության ստորագրման հենց հաջորդ օրը՝ 2020-ի նոյեմբերի 11-ին, եւ գերեվարվել էին։ Շուշիում հաստատված եւ տաքսու վարորդ աշխատող Վիգեն Էուլջեքյանին ձերբակալելուց օրեր անց Ադրբեջանը նրան ներկայացրել էր որպես 2500 դոլարի դիմաց կռվող վարձկանի: Նրան 5 մեղադրանք էր առաջադրվել: Էուլջեքյանը դատապարտվել է 20 տարվա ազատազրկման: Մարալ Նաջարյանն ազատ է արձակվել 2021-ի մարտին։