Ադրբեջանը որոշել է 1,2 միլիարդ դոլար արժողությամբ գործարքի շրջանակում ձեռք բերել իսրայելական արտադրության Barak MX հակաօդային պաշտպանության հավելյալ համակարգեր։ Ըստ Defense Industry Europe-ի՝ մի քանի ամիս առաջ Israel Aerospace Industries (IAI) ընկերությունը Ադրբեջանում Barak MX համակարգերի հաջող ցուցադրություն էր անցկացրել։
Փորձարկումների ժամանակ իսրայելական Barak MX համակարգը հրթիռ որսացող բազմաթիվ արձակումներ էր արել:
Իսրայելական արտադրության տարբեր հակաօդային պաշտպանության համակարգերն Ադրբեջանում օգտագործվել են մի քանի տարի շարունակ, իսկ վերջին ցուցադրությունում ներկայացվել են ՀՕՊ համակարգի ամենաարդիականացված տարբերակները։ Barak MX-ը հակաօդային պաշտպանության մոդուլային համակարգ է, որը նախատեսված է հրթիռների եւ ռազմական օդանավերի սպառնալիքների դեմ պայքարելու համար: Համակարգը գործում է ինչպես ծովում, այնպես էլ ցամաքում:
Իրենց աչքի գերանը չեն տեսնում…
Դեռ մայիսին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը Բաքվում Հնդկաստանի դեսպան Շրիդհարան Մադհուսուդհանանից հավատարմագրերն ընդունելիս տարակուսել է՝ «ինչո՞ւ է Հայաստանը հարյուր միլիոնավոր դոլարի զենքեր գնում, եթե իսկապես Ադրբեջանի հետ խաղաղության է ձգտում»: Նա շեշտել է, որ Հայաստանի արագ սպառազինումը նոր վտանգներ է ստեղծում տարածաշրջանում։ Ադրբեջանի նախագահի աշխատակազմի արտաքին հարաբերությունների բաժնի ղեկավար Հիքմեթ Հաջիեւն էլ հուլիսի վերջին Հնդկաստանի դեսպանին հորդորել է պաշտոնական Նյու Դելիին հայտնել Բաքվի մտահոգությունները Հնդկաստանից ՀՀ-ին սպառազինություն մատակարարելու հարցի վերաբերյալ եւ եւս մեկ անգամ վերլուծել Հայաստանին «մահաբեր զենք մատակարարելու նպատակահարմարությունը»։ Ադրբեջանի նախագահը, որը 44-օրյա պատերազմից հետո բազմիցս պնդել է խաղաղության համաձայնագրի ստորագրման անհրաժեշտության մասին, չի թաքցնում, որ Բաքուն շարունակում է հսկայական գումարներ ծախսել բանակի վրա:
Ալիեւը սարսափում է երբ հայերը հարձակվում են, բարկանում է, երբ հայերը պաշտպանվում են
Ֆրանսիայի պաշտպանության նախարար Սեբաստիան Լըկորնյուն, հոկտեմբերի 17-ին Ֆրանսիայի սենատորների հետ հանդիպմանն անդրադառնալով հայ-ֆրանսիական ռազմական համագործակցությանն առնչվող հարցերին, թեթեւակի ակնարկել է, որ որոշ զինատեսակներ խիստ պաշտպանական կլինեն եւ առաջին հերթին կծառայեն կյանքերի պաշտպանությանը եւ Հայաստանի անվտանգության ապահովմանը: