Այսօր առավոտվանից Ֆեյսբուքի հարահոսը լի է գեղարվեստական եւ քաղաքական ընտիր տեքստերի մեջբերումներով. Վանո Սիրադեղյանի ծննդյան օրն է։
Ծննդյան տոնին մասնակցելու ձգտումն ինձ եւս տանում է Google-ի «խորխորատներ»։ Մտածում եմ մի բան գտնել, որը դեռ ոչ ոք չի վերահրապարակել կամ ամրացրել Ֆեյսբուքի պատին, եւ որն անպայմանորեն չպետք է բացատրի մեր պարտության ու հետընթացի պատճառները։
Մարդկային, մարդու մասին մի բան եմ փնտրում ու գտնում եմ «Շաբաթվա երկրորդ կիրակին» պատմվածքը, բայց ուրախությունս երկար չի տեւում։ Սա էլ, թեեւ հույժ կենցաղային ու մարդակենտրոն, բայց դարձյալ պարտության ու հետընթացի մասին է։
Ակամա, տեքստից կտրվելով, հիշում ես ռուս միգրանտներին եւ արցախցի տեղահանվածներին առիթ դարձրած անշարժ գույքի «կոմերսանտներին», որոնց համար մարդն ընդամենը փողի աղբյուր է։
Ու մտածում ես, որ երեւի պարտության պատճառներն ամենեւին էլ չպետք է փնտրել քաղաքականի ու աշխարհաքաղաքականի մեջ։
Տ.Պ.
Հատված «Շաբաթվա երկրորդ կիրակին» պատմվածքից
Երեսունդ անց է՝ ուժդ տեղը, երեխաներ ունես՝ մանկապարտեզ են գնում, կինդ բնակարանի հերթում կա՝ կստանաք, աշխատավարձ ես ստանում՝ միջին միութենական, տանտերդ սենյակ գտնելու համար ժամանակ է տվել մի ամբողջ ամիս, դու էլ ահա փնտրում ես։ Մի ամսում կարելի է առանձնատուն կառուցել, ինչ մնաց սենյակ չճարես, այն էլ Երեւանում։ Նայիր հանդիպածդ երկհարկանի տան առաջին կամ գետնահարկի պատուհաններին՝ եթե վարագույր չկա — ազատ է, եթե երեխաներ ունենալդ տանտիրոջ դուրը եկավ, գինը՝ քո, մտիր ու ապրիր։ Քանի դեռ որդերի գերին չես դառել, ծտի պես ապրիր ուզածդ թաղում — ընկերոջը ինքներս ենք ընտրում, հարեւանին մեզ քաղսովետն է տալիս։
Տեղդ նեղ չէ, որ պատահած ծակուռի մեջ ստիպվես ապրել, անկախ, բծախնդրորեն տներին նայում, անցնում ես առաջ, հինգից մեկի դեմ կանգնում, հարցնում ես՝ ունե՞ք– չունե՞ք-ի՞նչ արժե… Կիրակի օրով հենց այնպես շուկա մտածի նման, երբ որեւէ բանի սուր կարիք չունես եւ շուրջդ նայում ես իբրեւ գեղագետ, երբեմն էլ ցրված, հարցնում ես՝ ինչ արժե, գուցե թե մի բան, այնուամենայնիվ, առնես։
Ուրեմն, այսպես քայլում էիր՝ երեքշաբթին կիրակի արած, սենյակ էիր փնտրում՝ ձեռքերդ դարսած մեջքիդ, ծխախոտը բերանիդ մեջ խաղացնելով… Այստեղ ցից քիթդ մի գարշահոտ բանի առավ։ Այստեղ ետեւից լենքին խփեցին ծնկածալերիդ։ Այստեղ շուռ եկան ու թքեցին քո լավատես–լեն ճակատին։
Առերեւույթ բան չպատահեց։ Հերթական տունն էր, որի առաջ շահագրգռված հապաղեցի։ Շենքի տեսքը ասում էր, որ բաղնիք, զուգարան, ջեռուցում կա, բարձր պարիսպն ու փակ դարպասը երաշխիք էին էներգոցանցի տեսուչի ներխուժման դեմ,— ուրեմն լույսը գողանում են, հետեւաբար գիշերները գիրք կարդալուս ծուռ չեն նայի…
Թակեցի կանաչ դարպասը։ Ներսից հաչոցով պատասխանեցին։ Լավ նշան չէր, բայց տրամադրությունս շատ էր բարձր նշաններից։ Դարպասը բացեց տարիքոտ մի կին, լսեց, ասաց՝ «տեսնեմ ամուսինս տա՞նն է» ու դարպասը երեսիս ծածկեց։ Ես ժպտացի կանաչ դարպասի ու իր ապրանքը թանկի տվող տանտիրոջ վրա։ Եկավ, ասաց՝ «Տանը չի, բայց սենյակը տես» եւ շանը սաստեց, ինձ բակով տարավ։
Տանտիրուհու հետ մտանք սենյակ եւ զույգ փոքր պատուհաններից հավեր դուրս թռան։
Դարպասից դուրս գալուց հետո մտածում էի, թե առաջին պահ ես պիտի որ ցնցված լինեմ։ Սենյակ կոչվածը մառանահարկի ձախ թեւն էր։ Աջ թեւը, դատելով դռնից, կողպեքից, բուն մառանն էր։ Մառանահարկին հասնելու համար մենք անցել էինք երկրորդ հարկի այն կեսի տակով, որ հանգչում էր սյուների վրա եւ արեւելքից լույսը փակում էր։ Հարավ կողմից խուլ հիմնապատ էր, արեւմուտքից նույն պատից էր, լույսը ընկնում էր հյուսիս կողմի քառորդ չափսի պատուհաններից, որից դենը հավանոցն էր։
Հավանոցը երեք կողմից ցանցապատված էր, չորրորդ կողմ ունենալով շենքի պատը, այսինքն՝ այդ սենյակի միակ պատը, որի վրա լուսամուտ կար։ Եվ հավանոցի գարշահոտը սենյակի մեջ էր։ Եվ ամեն ինչից երեւում էր, որ այստեղ առաջ մարդիկ են ապրել։
Մի պահ պիտի որ նայած լինեմ այդ կնոջ դեմքին։ Համենայն դեպս, անվրդով մի դեմք եմ հիշում։ Այստեղ մնացի հազիվ մեկ րոպե։ Մտածում էի՝ դեռ մի քանի տեղ կհասցնեմ նայել, բայց դուրս գալուն պես կարծես ետեւից ծնկածալերիս լենքին խփեցին։ Այսօր այսքանը բավական է։ Եվ, առհասարակ, եղածն ինձ մի քանի շաբաթ բավական է։
Իմ հարաճուն զայրույթի մեջ ես մտածում էի այդ կնոջ մասին՝ գոնե չիմանար երեխաներ ունենալս։ Առաջին խոսքով հարցրած չլիներ ու մտածեր՝ գյուղացի, հավուճիվի սովոր տղա է, տուն է գալու քնելու համար, դուրս է գալու թառաժաժից առաջ, տվածն ինչ է՝ քառասուն ռուբլի…
Իմ անտուն կյանքում շատ բան եմ տեսել։ Պատահել է, մի սենյակ են առաջարկել, որում լույսի միակ աղբյուրը էլեկտրական մերկ լամպն է եղել։ Խնդացել, թողել հեռացել եմ։ Բայց այստեղ ես պապանձվեցի։ Փողոցում միտս էի բերում այդ կնոջ դեմքը… ճիվաղի բնավ նման չէր, նույնիսկ վանող բան չկար վրան, մի կին էր հորաքրոջս ու քրոջս նման, որը, թվում էր, հիմա կասի՝ «սոված կլինես, մի բան կեր գնա»։
Համոզված էի, որ սիրասուն մայր ու տատ է, որ երեխա եղած տունը չի մտնի առանց գրպանը մի անուշ բան դնելու… Կարող է մի քիչ ժլատ լինել, կարող է լավ էլ ընչաքաղց լինել, բայց որ ինձ՝ անծանոթիս, առաջին անգամ տեսած մարդուն, մարդ չի համարի, դա իմ ըմբռնողությունից վեր բան էր։
Այնուամենայնիվ, ես ուզում էի հասկանալ նրան։ Իմ՝ շուկայի օրենքն հարգողիս, իրապաշտիս, պատրանքներից վաղ թոթափվածիս ամբողջ սթափությամբ ջանացի հասկանալ նրանց, բայց ուղեղս շիկացավ բռնությունից, սմքեց, քար կտրեց, հրաժարվեց աշխատելուց՝ ի՞նչը հասկանաս։
Ես զգում էի, որ ուռչում եմ՝ թարախի պալար, դառնում եմ ազգիս թշնամի, երկրիս համար վտանգավոր, վերածվում եմ ծայրահեղական սինլքորի, ինձ չէր կարելի փողոցում քայլել, չէր կարելի մարդկանց մեջ լինել, որովհետեւ այդ վիճակում զինվորագրվում են ջարդարարական հարյուրյակներին, լավագույն դեպքում ձայն են տալիս հանուն որեւէ գույնի տեռորի։