Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունել է Արգենտինայում հրեական կազմակերպությունների պատվիրակության նախագահ Խորխե Կնոբլովիցին եւ դիվանագիտական հարաբերությունների պատասխանատու Արիել Բլուֆշտեյնին։
Խոսելով Հայաստանի առջեւ ծառացած մարտահրավերների, բռնի տեղահանված արցախահայերի խնդիրների եւ Ադրբեջանի կողմից շարունակվող ռազմատենչ քաղաքականության մասին՝ Վեհափառ Հայրապետը նշել է, որ ստեղծված իրադրությունը ցավալի հետեւանքն է Ադրբեջանի ցեղասպանական գործողություններին միջազգային կառույցների անհամարժեք արձագանքի։ Ամենայն Հայոց Կաթողիկոսն անդրադարձել է Հոլոքոսթին, ինչպես նաեւ միջազգային հանրության կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման եւ դատապարտման կարեւորությանը` շեշտելով, որ այդ ճանապարհով է հնարավոր կանխարգելել նմանօրինակ ոճիրների կրկնությունը մարդկային կյանքում։
Նորին Սրբությունն անդրադարձել է տարածաշրջանում եւ Մերձավոր Արեւելքում առկա հակամարտություններին՝ դրանց հանգուցալուծման ու խաղաղության հաստատման գործում կարեւոր համարելով նաեւ միջկրոնական երկխոսությունը։
Պրն Խորխե Կնոբլովիցն աշխարհում տիրող բարդ իրավիճակի հաղթահարման եւ արդարության հաստատման գործում եւս կարեւորել է մարդկության մեջ հավատքի զորացումը եւ կրոնների խաղաղ համագոյակցության երկխոսությունը։ Պատվիրակության նախագահը Նորին Սրբությանը տեղեկացրել է, որ ինչպես Արգենտինան, այնպես էլ Արգենտինայի հրեական կազմակերպությունները ճանաչել են Հայոց ցեղասպանությունը եւ դատապարտել այն՝ պահպանելով պատմական հիշողությունը հետագայում կանխելու համար նմանօրինակ ոճրագործությունները։