Նոյեմբերի 18-20-ը Երեւանում անցկացվելիք ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի աշնանային նստաշրջանին Ռուսաստանի Դաշնության, Ադրբեջանի եւ Թուրքիայի պատվիրակությունները մասնակցության համար չեն գրանցվել:
Դրա մասին հայտնել է Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը։ Նա նշել է, որ ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի միջազգային քարտուղարությունը հրավերներ է ուղարկել վեհաժողովի անդամ բոլոր 56 երկրների, ինչպես նաեւ գործընկեր 11 երկրների շուրջ 300 պատվիրակներին։
Ադրբեջանի պատվիրակները նախկինում բարձրացրել են Հայաստան գալու անվտանգության երաշխիքների հարցը, եւ Ազգային ժողովը հայտնել է իր պատրաստակամությունը։
«Նման փորձ ունեցանք անցյալ տարի՝ Եվրանեսթի խորհրդաժողովի նիստի ժամանակ, երբ ունեինք ադրբեջանցի պատգամավորներ։ Բայց այս պահին գրանցված չեն։ Մի քանի օր է մնացել, ենթադրում եմ, որ Ադրբեջանից պատգամավորներ չեն գա»,- հավելել է նա։
Խանդանյանն ասել է նաեւ, որ ԵԱՀԿ խորհրդաժողովի հանդիպման առանցքը լինելու է հարավկովկասյան տարածաշրջանը, ինչպես նաեւ անվտանգության խնդիրները Հայաստանում եւ շրջակայքում։