Ամերիկյան իրավապաշտպան «Center for Constitutional Rights» կազմակերպությունը պաղեստինյան իրավապաշտպան կազմակերպությունների, ինչպես նաեւ Գազայի եւ ԱՄՆ-ի պաղեստինցիների անունից նախագահ Ջո Բայդենի վարչակազմի դեմ հայց է ներկայացրել դաշնային դատարան: Կազմակերպությունը ԱՄՆ վարչակազմին մեղադրում է Գազայի հատվածում պաղեստինցիների ցեղասպանության մեղսակցության համար։ Հայցում մասնավորապես նշվում է, որ Իսրայելի կառավարությունը Գազայի հատվածում պաղեստինցի ժողովրդի դեմ ԱՄՆ-ի անվերապահ աջակցությամբ ցեղասպանություն է իրականացնում:
«Հոկտեմբերի 7-ից Իսրայելի կառավարությունը Գազայի հատվածում սպանել է առնվազն 11 հազար 100 պաղեստինցիների, նրանց թվում՝ ավելի քան 4600 երեխաների, վիրավորել է ավելի քան 28 հազար մարդու: Սպիտակ ֆոսֆորի օգտագործման փաստագրված ապացույցներ կան… Միացյալ Նահանգները չի կատարում ցեղասպանությունը կանխելու իր իրավական պարտավորությունները, եւ նախագահ Բայդենն ու այլ բարձրաստիճան պաշտոնյաներ ակտիվորեն աջակցում են ցեղասպանությանը»,- ասված է կազմակերպության հայտարարության մեջ:
Նշվում է նաեւ, որ Միացյալ Նահանգների նախագահ Ջո Բայդենը, պետքարտուղար Էնթոնի Բլինքենը եւ պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինը ոչ միայն չեն կարողացել օգտագործել իրենց ազդեցությունը ցեղասպանությունը կանխելու համար, այլեւ բազմիցս հրապարակային հայտարարություններ են արել՝ միանշանակ աջակցելով Իսրայելի կառավարության գործողություններին: