Թուրքական Sabah թերթի լրագրող Յավուզ Դոնաթը հայտնել է Ադրբեջանի վերաբերյալ իր հեղինակած հոդվածի հրապարակումից հետո Թուրքիայի ընդդիմադիր Ժողովրդահանրապետական կուսակցության (CHP) նոր առաջնորդ Օզգուր Օզելի հետ հեռախոսազրույցի մասին։ Նշված հոդվածում Դոնաթը քննադատում էր գլխավոր ընդդիմադիր կուսակցությանը՝ պատմական Մետաքսի ճանապարհի վերագործարկման նախագծում Ադրբեջանին «անտեսելու» եւ Ղարաբաղում կռիվների ժամանակ CHP-ի նախկին ղեկավար Քեմալ Քըլըչդարօղլուի կողմից «Ադրբեջանին ուղղված մեղադրանքների» համար։
Լրագրողը հայտնում է, որ իր հետ զրույցում Օզելը խոստովանել է, որ կուսակցությունը սխալվել է Ադրբեջանի հարցում։ «Մենք վիրավորել ենք բարեկամ եւ եղբայրական Ադրբեջանին… Սխալվել ենք… Սա ամբողջովին մեր մեղքն է»,- Օզելի զղջման խոսքերն է հաղորդել Դոնաթը՝ միաժամանակ հայտնելով, որ Օզելը խոստացել է որպես կուսակցության ղեկավար իր առաջին արտասահմանյան այցը կատարել Հյուսիսային Կիպրոս եւ Ադրբեջան։
Դոնաթը նշել է թուրքական «գլխավոր ընդդիմադիր ուժի» նոր ղեկավարի հայտարարության նշանակությունը, որն ընդգծում է Ադրբեջանի նկատմամբ Թուրքիայի ընդդիմադիր Ժողովրդահանրապետական կուսակցության քաղաքականության վերանայման փաստը։