Հայաստանի փոխարտգործնախարար Պարույր Հովհաննիսյանն անդրադարձել է Հայաստանում Եվրոպական միության դիտորդական առաքելությունն ընդլայնելու՝ ԵՄ արտաքին գործերի նախարարների խորհրդի որոշմանը։ Նոյեմբերի 13-ին Եվրոպական միության անդամ երկրների ԱԳ նախարարների խորհրդի նիստին ԵՄ արտաքին հարաբերությունների բարձր հանձնակատար Ժոզեպ Բորելը նշել է, որ հաշվի առնելով երկրում բարեփոխումների շարունակականությունը՝ ԵՄ-ն որոշել է ուժեղացնել իր առաքելությունը Հայաստանում եւ ավելի շատ պարեկություն անցկացնել սահմանի զգայուն հատվածներում։
Փոխարտգործնախարարը նշել է, որ առաքելությունն ընդլայնելու հարցը երկար ժամանակ քննարկելու արդյունքում որոշում է ընդունվել ընդլայնելու դիտորդների թվաքանակը, ուժեղացնելու նրանց կարողությունները, ինչը հնարավորություն կընձեռի ավելի ակտիվ աշխատանքներ տանելու դիտարկման հետ կապված, համապատասխան զեկույցներ ներկայացնել Բրյուսել եւ անդամ երկրներին։
Հովհաննիսյանը հավելել է, որ դեռեւս պարզ չէ, թե որքանով կավելանա ԵՄ դիտորդների թիվը, սակայն համոզմունք է հայտնել, որ նրանց աշխատանքների առավել արդյունավետ կազմակերպման համար անհրաժեշտ է համապատասխան թվաքանակ ապահովել: