Վրաստանի «Փոթի» նավահանգիստը կառավարող APM Terminals Poti ընկերությունը հաստատել է ֆրանսիական Bastion նմուշի զրահամեքենաների տարանցումը՝ նախատեսված Հայաստանի համար: Տեղեկությունը հայտնել է «Ազատություն» ռադիոկայանի վրացական ծառայությունը:
«Այդ կոնկրետ դեպքում բեռը հասել է Եվրամիության անդամ երկրից՝ Ֆրանսիայից, եւ ուղարկվել է Հայաստան. երկիր, որի վրա պատժամիջոցներ չեն տարածվում։ Բացի դրանից՝ Վրաստանի կառավարության հստակ ցուցումների եւ միջազգային կարգավորողների սահմանած սահմանափակումների բացակայության պայմաններում APM Terminals Poti ընկերությունը զրկված է պատժամիջոցների տակ չգտնվող բեռի ընդունումը մերժելու հնարավորությունից»,- ասված է ընկերության տարածած հայտարարության մեջ։
Ավելի վաղ համացանցում տարածվել էին ֆրանսիական Bastion տեսակի զրահամեքենաների խմբաքանակի լուսանկարներ։ Նշվում էր, որ լուսանկարներն արվել են Վրաստանի «Փոթի» նավահանգստում, իսկ զրահամեքենաներն ուղարկվել են Հայաստան։