Ախուրյան խոշորացված համայնքում այսուհետեւ տեղական առաջնորդների պակաս չի լինի։ Որպեսզի գյուղաբնակները զգան, որ իրենց դերն ամենամեծն է իրենց իսկ բնակավայրի ղեկավարման, որոշումների կայացման եւ առաջընթացի հարցերում, համայնքում մեկնարկել է «CapSLoc. Կարողունակ եւ կայուն համայնքահեն զարգացում» ծրագիրը։
«CapSLoc․Կարողունակ եւ կայուն համայնքահեն զարգացում» ծրագիրը կյանքի է կոչվում Ամերիկայի ժողովրդի աջակցությամբ` ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (ԱՄՆ ՄԶԳ) միջոցով:
Այն իրականացնում է «ՀԿ Կենտրոն» քաղաքացիական հասարակության զարգացման հասարակական կազմակերպությունը «Ուրբան» կայուն զարգացման հիմնադրամի, «Կանայք հանուն զարգացման», «Հայկական Կարիտաս» եւ «Կոմպասս» գիտահետազոտական, կրթական եւ խորհրդատվական կենտրոն» ՀԿ-ների հետ համատեղ:
Նոյեմբերի 14-ին Ախուրյան համայնքի Մայիսյան բնակավայրում տարեսկզբից մեկնարկած ծրագրի պաշտոնական բացումն էր։ Ծրագիրը կտեւի երեք տարի եւ աշխուժություն կմտցնի 33 գյուղերում՝ բացահայտելով նոր կարողություններ ու հմտություններ։
Ծրագրի կազմակերպիչները երաշխավորում են Ախուրյան համայնքի զարգացումը, քանի որ վստահ են, որ գյուղերում մտածելակերպ է փոխել․ մարդիկ կառավարման գործում ավելի ներգրավված են դարձել, որոշումների կայացման հարցում էլ սկսել են ավելի ակտիվորեն ընդգրկվել։
Անցնող մի քանի ամիսների ընթացքում ծրագրային թիմը շահառու գյուղերի նյութական եւ ոչ նյութական ռեսուրսներն է քարտեզագրել։ Քարտեզագրման արդյունքները հիմք կդառնան հասկանալու, թե տրամադրված շուրջ 2 միլիոն դոլարը գյուղերի որ կարիքների համար ներդնեն։
Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարության տեղական ինքնակառավարման քաղաքականության վարչության պետ Աշոտ Գիլոյանը համաձայն չէ, որ համայնքներում ծրագրեր իրականացնելու գումարներ չկան։ Ըստ նրա՝ այսպիսի դրամաշնորհային ծրագրերն իսկական փրկօղակ են առաջընթաց չունեցող գյուղերի համար։ Միայն մնում է պատշաճ հայտ ներկայացնել եւ ֆինանսավորվել։
Ախուրյան համայնքի ղեկավար Զավեն Մանուկյանը սիրով է ընդունել ծրագիրը, ասում է՝ ուրախ է ցանկացած նորամուծության համար։ Թե ինչ ոլորտներում ներդրում կանի ծրագրային թիմը, դեռ չգիտի, բայց թվարկում է՝ անջրդի հողերը ոռոգելի դարձնելու, լուսավորության, ասֆալտապատման եւ բազմաթիվ այլ խնդիրներ լուծման իրենց հերթին են սպասում։
Ինչ կփոխվի 33 գյուղերից բաղկացած Ախուրյան համայնքում, դեռ հայտնի չէ, իսկ ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալությունից ասում են՝ փոփոխությունները «աչք ծակող» են լինելու՝ լավ իմաստով։
Առաջին մասնագիտությամբ բանասեր, երկրորդով՝ հոգեբան, լրագրությունը, սակայն, երրորդը չէ։ Լրագրությունը բոլոր մասնագիտություններից ամենասիրելին է։