ՀԱՄԱՍ-ն օգտագործել է իր սպառազինության մեծ մասը եւ այժմ պայքարում է գոյատեւման համար, բայց լիբանանյան «Հըզբոլլահը» առայժմ նույնիսկ չի սկսել բացահայտել իր ռազմական ներուժը։ Ներկա պահին «Հզբոլլահի» զինյալներն Իսրայելի ուղղությամբ արձակել են ավելի քան 100 ռուսական արտադրության Kornet հակատանկային հրթիռ եւ փաստորեն այդ կերպ ազդարարում են հակամարտության սրացման հաջորդ փուլը»,- գրում է գերմանական Bild պարբերականը։
Ըստ Bild-ի՝ նոր տեսագրություններն առաջին անգամ ցույց են տալիս, որ իրանական ռեժիմն իր լիբանանյան պրոքսի կառույցին է փոխանցել այն բոլոր զինատեսակները, որոնք օգտագործում է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը։
Վերջերս «Հըզբոլլահը» հրապարակել է տեսանյութ, որում առաջին անգամ ցուցադրվում է իսրայելական ռազմական թիրախների դեմ Samir եւ Ababil-T կամիկաձե ԱԹՍ-ների կիրառումը: Նշված ԱԹՍ-ներն ընդունակ են թռչելու մինչեւ 150 կմ հեռավորության վրա, ունեն մոտ 50 կգ քաշ ունեցող մարտագլխիկ եւ հագեցած են ռադիոնավիգացիայով։