Ադրբեջանի պետական անվտանգության ծառայության ղեկավար Ալի Նաղիեւը հանդիպել է ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի նախագահ Պիա Կաումայի գլխավորած պատվիրակության հետ։
Հանդիպման ընթացքում ադրբեջանցի պաշտոնյան, մասնավորապես, հայտարարել է, որ իր երկիրը միշտ կարեւորում է բարիդրացիության եւ խաղաղ համակեցության սկզբունքները եւ «համակողմանիորեն ապահովում եւ երաշխավորում է Ղարաբաղում բնակվող հայազգի մարդկանց անվտանգությունը»։
«Տարածաշրջանում կայուն խաղաղության հաստատման համար բարենպաստ այս ժամանակահատվածում անընդունելի է, որ որոշ պետություններ զինեն Հայաստանը՝ Հարավային Կովկասում իրավիճակը կրկին սրելու համար»,- անդրադառնալով Հայաստանի ձեռք բերած սպառազինության թեմային՝ հայտարարել է Նաղիեւը:
Ադրբեջանի հատուկ ծառայության ղեկավարը նշել է, որ «նման հանգամանքները կրկին կհանգեցնեն պատերազմի բռնկման»։
Ավելի վաղ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալեւը, որը 44-օրյա պատերազմից հետո բազմիցս պնդել է խաղաղության համաձայնագրի ստորագրման անհրաժեշտության մասին, չի թաքցնում, որ Բաքուն ինքը շարունակում է հսկայական գումարներ ծախսել բանակի վրա, բայց ոչ ոք չի հայտարարում, որ Ադրբեջանի գերարագ սպառազինումը նոր վտանգներ է ստեղծում տարածաշրջանում: