ՀԱՄԱՍ-ը պատրաստ է հրադադարի պայմանով ազատ արձակելու Գազայի հատվածում պահվող 100 պատանդների: Դրա մասին հայտարարել է պաղեստինյան ՀԱՄԱՍ իսլամիտական ծայրահեղական խմբավորման քաղբյուրոյի անդամ Խալիլ ալ Հայիին: Նա նշել է, որ Իսրայելը ցուցակ է տրամադրել 100 պատանդների անուններով:
«Մենք միջնորդներին պատասխանել ենք, որ գիտենք նրանցից միայն 50-ի գտնվելու վայրը, եւ մեզ անհրաժեշտ է հրադադարի ռեժիմ, որպեսզի կարողանանք գտնել տարբեր խմբավորումների մոտ պահվող մնացած պատանդներին»,- նշված է ՀԱՄԱՍ-ի պաշտոնական տելեգրամյան ալիքում։ Պատանդների ազատ արձակման շուրջ բանակցություններն ընթանում են Կատարի միջնորդությամբ: Եգիպտական կողմը ստանձնել է բանագնացի դերը:
Ըստ պայմանավորվածության՝ հինգ օրվա ընթացքում օրական կազատվի 10 պատանդ։ Իսրայելի պաշտպանության բանակի տվյալներով՝ Գազայի հատվածում արմատական խմբավորումների, մասնավորապես՝ «Իսլամական ջիհադի» մոտ պահվող պատանդների ընդհանուր թիվը 242-ն է:
Ավելի վաղ՝ նոյեմբերի 3-ին, այցով Իսրայել ժամանած ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հետ հանդիպմանը Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն, անդրադառնալով հրադադարի հարցին, ընդգծել է, որ Իսրայելը կհամաձայնի Գազայի հատվածում հրադադարի հաստատմանը միայն այն պայմանով, որ Պաղեստինի ահաբեկչական ՀԱՄԱՍ խմբավորման կողմից պահվող բոլոր պատանդներն ազատ արձակվեն։