Արցախցի Նարինե Մաթեւոսյանի տան տանիքի վերանորոգումն այդպես էլ կիսատ մնաց։ Ամուսինն ու երեխաները տանիքին են եղել, երբ սեպտեմբերի 19-ին սկսվել է ռմբակոծությունը։ Ադրբեջանական ուժերը Արցախի Մարտակերտի շրջանի Ծաղկաշեն գյուղից ընդամենը մի քանի հարյուր մետր էին հեռու։
Շուրջ 150 բնակիչներով գյուղի երկու նկուղում մի ընտանիքի պես են հավաքվել ու սպասել սարսափելիին։ «Գյուղը բոլոր կողմերից շրջափակված էր, մի ճանապարհ էր կապում մյուս բնակավայրերին, բայց հույս չունեինք, թե կփրկվենք»։
Նարինեի ականջներում այդ օրվանից միայն աղմուկն է մնացել՝ երեխաների լաց ու գոռոց, ռումբերի ձայներ։ Հիմա դժվարանում է հասկանալ՝ որն էր ավելի բարձր։ «Ժամեր շարունակ մնացել ենք նկուղներում։ Անգամ մի քանի րոպեով դուրս գալ չէինք կարողանում մի բաժակ ջրի համար, որովհետեւ կրակոցներն անդադար էին»։
Կեսգիշերն անց գյուղապետը վատ լուրն է բերել՝ ադրբեջանցիները գյուղ են հասնում․ կա՛մ պիտի մի կերպ տարհանվեն, կա՛մ սպասեն։ «Ընտրությունը մեռնելու կամ ավելի ուշ մեռնելու միջեւ էր։ Մնալու դեպքում ելքը մեկն էր, դուրս գալու դեպքում էլ ողջ մնալու հավանականությունը շատ քիչ էր։ Ամեն դեպքում որոշեցինք ռիսկի դիմել»։
Գյուղի տղամարդիկ շրջել են տներով, հավաքել մնացած վառելիքը, որ շրջափակման ընթացքում դժվարությամբ էին ձեռք բերել։ Ամբողջ գյուղով որոշել են դուրս գալ։ Ընդամենը մի քանի րոպեով նվազել է ռմբակոծության ինտենսիվությունը։ Հերթով սկսել են շարժվել՝ այն մտքով, որ եթե հարված լինի, գոնե մի մասը ողջ մնա։
«Տներից անգամ փաստաթղթեր չհասցրինք վերցնել։ Մենք մահի մեջ էինք, ոչ մի բան աչքներիս չէր երեւում։ Ասում էի՝ ամեն ավել իրի փոխարեն երեխայիս կգրկեմ»,-հիշում է չորս անչափահաս երեխաների մայրը։
Մի քանի րոպեի ճանապարհն էլ ծաղկաշենցիներին հեշտ չի տրվել։ Անտառի միջով անցելիս ստիպված կանգնել են. ռմբահարվածներից ծառերն ընկել, փակել էին երթուղին։ Մի կերպ տեղաշարժել են ծառերը, առաջ անցել։
«Դրմբոնի կամուրջն անցնելուց մի քանի րոպե անց ադրբեջանական զորքը փակեց այն։ Մետրերի հեռավորությունից՝ ավելի բարձր դիրքից տեսնում էինք՝ ոնց են կանգնում այնտեղ, որտեղից մի կերպ անցանք։ Մինչեւ հիմա չեմ հասկանում՝ ինչ հրաշք կատարվեց, որ հասցրինք, եւ ամբողջ գյուղից այդ դժոխքով անցնելիս ոչ մի զոհ չեղավ»,- պատմում է Նարինեն։
Այդ փորձությամբ, սակայն, ամեն ինչ չի ավարտվել։ Կարճ ժամանակ անց ծանոթ-բարեկամներից լսել է՝ հավաքվում են ռուս խաղաղապահների մոտ՝ օդանավակայանում։
«Գյուղապետների միջոցով հրահանգ էր գալիս, թե ասել են՝ օդանավակայան գնանք։ Հասանք տեղ, ոչ մեկը չգիտեր՝ ինչի համար են կանչել։ Ռուս խաղաղապահներն էլ ասում էին՝ մենք չենք կանչել ձեզ, բայց այստեղ «օդը փակ է», թե ուզում եք, կարող եք մնալ»,- ասում է Նարինեն, որը մինչեւ հիմա էլ չի հասկանում՝ ով ու ինչի համար էր տարածել այդ տեղեկությունը․ միայն ենթադրություններ ունի։
Բռնի տեղահանման ճանապարհին գրեթե երկու օր էլ անցկացրել են Հագարիի կամրջի մոտ, ամեն րոպե վախենալով, որ գուցե անցակետից չթողնեն առաջ գնալ։ Հետո անցել են, հասել Կոռնիձոր։ Շուրջ տասնամսյա շրջափակումից հետո արցախցի երեխաները զարմանքով են ընդունել առատ հյուրասիրությունն ու նվերները։
Նարինեի ընտանիքը բռնի տեղահանվելուց հետո որոշ ժամանակ բարեկամի, այնուհետեւ՝ անծանոթ հյուրընկալողների տանն է մնացել։ Հետո Կոտայքի մարզում՝ Հրազդանում, բնակարան են վարձակալել։ Պայմաններն այնքան էլ լավը չեն, բայց չի դժգոհում՝ մեքենայում քնելուց ու իրենց անցկացրած օրերից հետո լավ է։ Երեխաներն էլ ընդունվել են դպրոց, ամուսինը՝ աշխատանքի։
Նարինեն փորձում է վերսկսել իր սիրելի աշխատանքը՝ հրուշակագործությունը, որով զբաղվել է Արցախում։ Մինչեւ Հայաստան հասնելը վերջին անգամ շրջափակումից առաջ է առատ միջուկով արցախյան փախլավա թխել, հետո ալյուրի, շաքարավազի ու մնացած մթերքի պակասությունը ստիպել էր դադարեցնել աշխատանքը։
Այժմ պատվերներ է ընդունում ու վարձակալած բնակարանի փոքրիկ խոհանոցում պատրաստում։ Ասում է՝ այդ ամբողջ դժոխքից եթե ողջ են դուրս եկել, այս առօրյա դժվարություններն էլ կհաղթահարեն։ Կարեւորը՝ կարողանան աշխատել։
Նարինեից պատվերներ կատարելու համար կարող եք զանգահարել 093 776183 հեռախոսահամարով։
Լրագրությունը որպես մասնագիտություն ընտրելիս հավատացած էի` այն կարող է աշխարհը փոխել: Հիմա մտածում եմ` գուցե աշխարհը փոխել չստացվի, բայց որոշ դեպքերում իրավիճակ փոխել հնարավոր է: