ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանը նոյեմբերի 14-ին Լոնդոնում հանդիպում է ունեցել Միացյալ Թագավորության խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Ալիշա Քերնսի հետ: Զրուցակիցներն անդրադարձել են հայ-բրիտանական քաղաքական երկխոսության ընդլայնմանն առնչվող հարցերի, առկա համագործակցությանն ու հեռանկարներին, եւ այս համատեքստում արժեւորվել է նախօրեին ՀՀ-ՄԹ ռազմավարական երկխոսության մեկնարկը:
ՀՀ արտգործնախարարն իր զրուցակցին է ներկայացրել տարածաշրջանում առկա անվտանգային եւ հումանիտար իրավիճակը՝ ընդգծելով խաղաղության օրակարգի առաջմղման հարցում ներգրավված բոլոր կողմերի կողմից հանրային, հստակ հանձնառության արտահայտման կարեւորությունը:
Միրզոյանն ընդգծել է Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցածն իր անուններով կոչելու կարեւորությունը, այդ հարցում խորհրդարանական շրջանակների դերը, ինչպես նաեւ անդրադարձել Ադրբեջանի կողմից էթնիկ զտման հետեւանքով ավելի քան 100 հազար բռնի տեղահանված հայերի առաջնային կարիքների հասցեագրման ուղղությամբ, դրանց թվում՝ միջազգային գործընկերների հետ փոխգործակցությամբ, իրականացվող քայլերին:
Զրուցակիցները նաեւ մտքեր են փոխանակել ՀՀ Կառավարության մշակած «Խաղաղության խաչմերուկ» ծրագրի կյանքի կոչման շուրջ: