Ռուսաստանի նկատմամբ ԵՄ սահմանած պատժամիջոցների նոր պահանջների շրջանակում Դանիան հավանաբար առաջիկայում կարգելափակի իր ջրային տարածքով անցնող ռուսական նավթով լցանավերը:
Ըստ Financial Times պարբերականի՝ Դանիայի իշխանությունները հատուկ ուշադրություն են դարձնելու առանց արեւմտյան ապահովագրության նավարկող նավերին։ Պարբերականը հայտնում է, որ ռուսական նավթի ծովային արտահանման մոտավորապես 60%-ն անցնում է Բալթիկ ծովով։
Եվրահանձնաժողովը Financial Times-ին չի մեկնաբանել վերոնշյալ տեղեկությունը, սակայն նշել է, որ Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն Լայենը խոստացել է միջոցներ ձեռնարկել «նավթի գների բարձրակետը խստացնելու ուղղությամբ»։