Հայաստանի հանրային հեռուստաընկերությանը նոյեմբերի 14-ին տված հարցազրույցում անդրադառնալով հայ-ադրբեջանական հարաբերությունները կարգավորող փաստաթղթի ստորագրմանը՝ ԱԽ քարտուղարը նշել է, որ ՀՀ-ն պատրաստ է շարունակելու բանակցությունները՝ խաղաղության պայմանագիրը վերջնականացնելու եւ հնարավորության դեպքում այն մինչեւ տարեվերջ ստորագրելու համար։ Վաշինգտոնում հայ-ադրբեջանական բանակցությունները շարունակելու հնարավորություն կա: Նման միտք է հայտնել Գրիգորյանը Մոսկվայում հայ-ադրբեջանական բանակցությունները շարունակելու հնարավորության մասին հարցին ի պատասխան:
Անդրադառնալով ՌԴ-ի հետ հարաբերությունների թեմային՝ ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը նշել է, որ Հայաստանը ՌԴ-ի հետ վեկտոր չի փոխում։ «2018-ից սկսած արտաքին քաղաքականության որեւէ փոփոխություն չենք կատարել եւ դրանից միայն վնաս ենք կրել»,- նշել է ԱԽ քարտուղարը։
Հարցին, թե ՌԴ-ն Եվրամիության օգնությունը դիտարկում է իբրեւ իրենց տարածաշրջանից վտարելու փորձ, Գրիգորյանը պատասխանել է, որ տվյալ պարագայում կարեւորն այլընտրանքներն են։ «Կարծում եմ՝ նարատիվները, որ կառուցվում են մեր դեմ, անհիմն են։ Սկզբում մենք օգնություն ՌԴ-ից ենք խնդրել, չենք ստացել եւ դիմել ենք այլընտրանքների»,- ասել է նա։
Ինչ վերաբերում է ՀԱՊԿ-Հայաստան հարաբերությունների թեմային, Անվտանգության խորհրդի քարտուղարը նշել է, որ 2020-ից սկսած՝ Հայաստանը բազմաթիվ հարցեր է ունեցել ՀԱՊԿ-ին, որոնց պատասխանները մինչ այժմ չունենք, եւ ՀԱՊԿ-ի միջոցառումներին Հայաստանի չմասնակցելը «դեմարշ» չէր բնորոշի։ «Հայաստանի՝ ՀԱՊԿ անդամ լինելը չի կաշկանդում մեր մյուս հարաբերությունները կառուցելու մասով»,- նշել է Անվտանգության խորհրդի քարտուղարը։