Գյումրու համայնքային ցուցասրահում բացվել է ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ, պրոֆեսոր, Գեղագիտության ազգային կենտրոնի Գյումրու մասնաճյուղի հիմնադիր Սուսաննա Մկրտչյանի ստեղծագործությունների անհատական «Նատյուրմորտ» անվամբ ցուցահանդեսը, որը նվիրված է Գեղագիտության ազգային կենտրոնի Գյումրու մասնաճյուղի հիմնադրման 45-ամյակին։
Ցուցադրված հինգ տասնյակից ավելի աշխատանքներում Գյումրին էր արտացոլված՝ իր բոլոր երանգներով ու դրսեւորումներով: Նկարչուհին ստեղծագործություններում միայն իրեն հատուկ տեխնիկայով անշունչ առարկաներին «խոսելու ունակությունով էր օժտել»:
«Քաղաքում կան անուններ, առանց որոնց հնարավոր չէ պատկերացնել Գյումրու մշակութային կենսագրությունը։ Տիկին Մկրտչյանն այդ անունն է: Ուրախ ենք, որ Գյումրու համայնքային ցուցասրահում ունեցանք հնարավորություն այս գեղեցիկ արվեստին ծանոթանալու համար»,- ասել է Գյումրու համայնքապետարանի մշակույթի եւ երիտասարդության հարցերի բաժնի պետ Լիլիթ Թովմասյանը:
Ցուցահանդեսը բաց կլինի մինչեւ նոյեմբերի 22-ը։