Իսրայելը եւ ՀԱՄԱՍ-ը քննարկում են շարժման կողմից պահվող 50 պատանդների ազատ արձակման հարցը եռօրյա հրադադարի, մարդասիրական օգնության ավելացման եւ պաղեստինցիներին բանտից ազատելու դիմաց: Նշվում է, որ ՀԱՄԱՍ-ն ընդհանուր առմամբ համաձայն է փաստաթղթի նախագծին, մինչդեռ Իսրայելը դեռ դիտարկում է մանրամասները։
Նախօրեին ամերիկացի անանուն պաշտոնյան հայտնել էր, որ պատանդների ազատ արձակումը կարող է տեղի ունենալ մարտերում երկար, բազմօրյա դադարի դիմաց։ «Սակայն բանակցություններն անկայուն են եւ դեռ կարող են տապալվել»,- նշել է նա։ Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ ՀԱՄԱՍ-ը հնգօրյա հրադադարի եւ Գազայի հատվածի բոլոր շրջաններին մարդասիրական օգնության առաքում է խնդրել։
Լրատվամիջոցների տվյալներով՝ փոխանակման շրջանակում Իսրայելը պետք է հանձնի 200 պաղեստինցի երեխաների եւ 75 կնոջ, իսկ ՀԱՄԱՍ-ը խոստանում է ազատ արձակել հոկտեմբերի 7-ին գերեվարված Իսրայելի 50-70 քաղաքացիների։ Միաժամանակ, Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հայտարարել է, որ հրադադար չի լինի այնքան ժամանակ, քանի դեռ բոլոր պատանդները չեն վերադարձել տուն։