ԼՂ–ում ռազմական գործողությունների եւ բռնի տեղահանման օրերին վառելիքի պահեստի պայթյունի հետեւանքով տուժած 87 մարդ բուժում է ստանում ՀՀ տարբեր բուժհաստատություններում։ «87 բուժառուից 8-ի վիճակը ծանր է, 2-ինը` ծայրահեղ ծանր: Սեպտեմբերի 24-ից մինչ օրս ունեցել ենք 44 մահ, նրանց մեծ մասը` պայթյունի հետեւանքով»,– հայտնել է ՀՀ առողջապահության նախարարի մամուլի քարտուղար Մարիամ Ծատրյանը:
Ըստ նրա՝ ներկայում արտասահմանում բուժում է ստանում 19 խնամյալ: Վերջին շաբաթների ընթացքում 160-ից ավելի բուժառու դուրս է գրվել, բայց դեռեւս բժիշկների ամբուլատոր հսկողության տակ է:
Մարիամ Ծատրյանը նշել է նաեւ, որ Լեռնային Ղարաբաղից տեղահանված ընտանիքներում այս ընթացքում ծնվել է 160 երեխա, պոլիկլինիկաներում եւ ամբուլատորիաներում գրանցվել է 57 հազար 200 անձ, բժշկական տարբեր կենտրոններում աշխատանքի է անցել 100 բուժաշխատող: