Եթե Ուկրաինան «մաս-մաս» անդամակցի ՆԱՏՕ-ին, դա կարող է հակամարտության մեջ ներքաշել Հյուսիսատլանտյան դաշինքին եւ Միացյալ Նահանգներին։
Նման միտք է հայտնել ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի եւ Եվրասիայի հարցերով փոխտեղակալ Դուգլաս Ջոնսը` ելույթ ունենալով Վաշինգտոնում Ատլանտյան խորհրդի հրավիրած «ԵՄ-ԱՄՆ պաշտպանություն եւ ապագա» ֆորումի ժամանակ:
Ըստ Ջոնսի՝ հենց ՆԱՏՕ-ի եւ ԱՄՆ-ի՝ հակամարտության մեջ արագ ներքաշվելու վտանգն է, որ խնդրահարույց է դարձնում ՆԱՏՕ-ի նախկին գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենի առաջարկը:
Ավելի վաղ բրիտանական The Guardian պարբերականը հայտնել էր, որ Ռասմուսենը հանդես է գալիս Ուկրաինայի դաշինքի անդամ դառնալու օգտին, բայց միայն Կիեւի կողմից վերահսկվող սահմաններում։ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, իր հերթին մեկնաբանելով ՆԱՏՕ-ի նախկին գլխավոր քարտուղարի խոսքերը, հայտարարել է, որ Ուկրաինայի անդամակցումը Հյուսիսատլանտյան դաշինքին Ռուսաստանի համար անընդունելի է ցանկացած ձեւով։