ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը եւ Չինաստանի նախագահ Սի Ծինփինը նոյեմբերի 16-ին հանդիպել եւ միմյանց ձեռք են սեղմել Սան Ֆրանցիսկոյում Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովից առաջ։ Սպիտակ տունը հայտարարել է, որ հանդիպման նպատակը զինվորականների միջեւ կապի ուղիների վերականգնումն է:
Ըստ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի՝ ԱՄՆ-ն ու Չինաստանը պետք է այնպես անեն, որ երկու երկրների մրցակցությունը հակամարտության չհանգեցնի։
Ամերիկացի առաջնորդի հետ հանդիպման ժամանակ Սի Ծինփինը հայտարարել է, որ Չինաստանն ու ԱՄՆ-ը իրավունք չունեն երես թեքելու միմյանցից, եւ նրանց միջեւ մրցակցությունը չպետք է դառնա գերակշռող միտում։ Չինաստանի նախագահը շեշտել է, որ ՉԺՀ-ի եւ ԱՄՆ-ի միջեւ հնարավոր հակամարտությունը «անդառնալի ծանր հետեւանքների» կհանգեցներ երկու կողմերի համար, մինչդեռ, ըստ Չինաստանի նախագահի, աշխարհը բավական մեծ է երկու երկրների բարգավաճման համար։
Բայդեն-Սի Ծինփին հանդիպման արձագանքները արեւմտյան լրատվամիջոցներում
Washington Post. Թե՛ Միացյալ Նահանգները եւ թե՛ Չինաստանը պատճառներ ունեն փորձելու ապասառեցնել հարաբերությունները՝ չնայած իրենց տարաձայնություններին: Սակայն հանդիպման արդյունքներն իրենց մասշտաբով համեստ են. նրանք պայմանավորվել են համագործակցել թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարում եւ ռազմական շփումների վերսկսման շուրջ։
Wall Street Journal. Թեեւ գագաթնաժողովն օգնեց մեղմելու ԱՄՆ-Չինաստան հարաբերություններում հաճախակի առկա կոշտ երանգը, բայց այն քիչ բան արեց խոր տարաձայնությունները լուծելու համար:
Politico. Հանդիպման ամենակարեւոր ձեռքբերումը նախագահների զրույցն էր։