Միացյալ Նահանգները սերտորեն աշխատում է Եվրամիության հետ՝ առաջիկա ամիսներին Հայաստանին աջակցության առաջարկ ներկայացնելու համար։ Դրա մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարության Եվրոպայի եւ Եվրասիական տարածաշրջանի հարցերով բյուրոյի քարտուղարի տեղակալ Ջեյմս Օ՛Բրայենը։
«Կարծում եմ, որ մենք պարտավոր ենք օգնել հայ ժողովրդին այս դժվար իրավիճակը հաղթահարելու հարցում, որպեսզի այդ համարձակ ընտրությունը, որ նա արել է, կարողանա օգնել նրան ապահովելու ավելի անվտանգ, կայուն ու ծաղկող ապագա»,- ասել է Օ՛Բրայենը։
Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում «Լեռնային Ղարաբաղի ապագան» թեմայով լսումների ժամանակ ամերիկացի պաշտոնյան նշել է, որ վերջերս Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպմանն այս հարցերը եղել են քննարկման հիմնական թեմաները։