Օգյուն Սամասթը, որը 2007 թվականի հունվարի 19-ին զինված հարձակման ժամանակ սպանել էր Թուրքիայում լույս տեսնող հայալեզու «Ակոս» թերթի գլխավոր խմբագիր Հրանտ Դինքին, ազատ է արձակվել բանտից: Թուրքիայում լույս տեսնող մեկ այլ հայալեզու՝ «ժամանակ» պարբերականը գրում է, որ կալանավայրի ելքի մոտ նրան դիմավորել են ընտանիքի անդամները։
Օգյուն Սամասթն այդ ժամանակ 17 տարեկան էր, ձերբակալվել էր Դինքի սպանության հաջորդ օրը՝ 2007 թվականի հունվարի 20-ին, Սամսունի ավտոկայանում։
Սամասթը բանտում անցկացրել է 16 տարի 10 ամիս։ Նրա պատժաչափը կրճատվել է մեկ տարի առաջ՝ լավ պահվածքի համար։ Նույն «լավ վարքի համար» էլ բանտի ղեկավարությունը նոյեմբերի 15-ի երեկոյան 19:50-ին Սամասթին ազատ է արձակել:
«Օգյուն Սամասթի ազատ արձակումը լայն արձագանք է գտել հասարակական կարծիքում, այս իրադարձությունն առաջին հերթին լուսաբանել են լրատվամիջոցները։ Ընդհանրապես, հասարակական կարծիքի մի ստվար խավ այս իրադարձությունը վերապահումով է ընկալում»,-գրում է «ժամանակ» պարբերականը: