Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ազգային ժողովի նոյեմբերի 16-ի նիստում պարզաբանել է, թե ինչու Հայաստանը Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագիր չի ստորագրում, երբ խաղաղության սկզբունքները համաձայնեցված են։ Ըստ նրա՝ պատճառը անվտանգության երաշխիքների ստեղծումն է, որ խաղաղության պայմանագրի ստորագրումից հետո որեւէ էսկալացիա հնարավոր չլինի, ինչպես նաեւ կողմերի միջեւ անվստահությունն է։
«․․․որովհետեւ ամեն անգամ մենք՝ Ադրբեջանի, Ադրբեջանն էլ, հավանաբար, մեր հայտարարությունների, որոշ գործողությունների մեջ տեսնում է պայմանավորվածություններից հրաժարվելու եւ ագրեսիվ գործողություններ պլանավորելու մտադրություններ, ինչն էլ բացասաբար է ազդում խաղաղության պայմանագրի տեքստային աշխատանքի վրա»,- նշել է Փաշինյանը։ Նա ընդգծել է, որ առաջիկայում հստակեցնելու եւս մի քանի առանցքային հարցեր կան, որոնցից մեկը խաղաղության պայմանագրի բովանդակության շուրջ հնարավոր տարընթերցումների հաղթահարման մեխանիզմի ձեւակերպումն է։