Ընդդիմադիր պատգամավոր Ագնեսա Խամոյանը ներկայացրել է վիճակագրություն, ըստ որի՝ թմրամիջոցների ազդեցության ներքո գործած հանցագործությունների աճը մեկ տարվա ընթացքում եղել է ավելի քան 140%:
Ըստ պատգամավորի՝ Հայաստանում թմրամիջոցների ապօրինի շրջանառության ծավալները շարունակում են աճել, իրավիճակը դառնում է սպառնալից։ Նա հիշեցրել է, որ թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի նոր ռազմավարությունը դեռ պատրաստ չէ, իսկ գործողն ընդունվել է դեռ մոտ 10 տարի առաջ։
2023-ի 10 ամիսների կտրվածքով հանրապետությունում արձանագրվել է թմրամիջոցների ազդեցության ներքո գործած շուրջ 4000 հանցագործություն։ Մինչդեռ 2022-ին այդ թիվը հասնում էր 1631-ի։ Կրկնապատկվել է նաեւ շրջանառության մեջ գտնվող թմրանյութերի առգրավման քանակը․ այս տարվա հունվար-սեպտեմբերին իրավապահ մարմինները մոտ 110 կգ թմրանյութ են առգրավել, այն դեպքում, երբ 2022-ի նույն ժամանակահատվածի ցուցանիշն ընդամենը 69 կգ էր։