Ադրբեջանի ԱԳՆ-ն նոյեմբերի 16-ի իր ծավալուն հայտարարության մեջ նշել է, որ թեեւ Միացյալ Նահանգները տարածաշրջանի երկիր չէ, այդուհանդերձ, իր գործողություններով եւ հայտարարություններով վնասում է տրանսպորտային անվտանգության ոլորտում Հարավային Կովկասի պետությունների ձեռնարկած ջանքերին։
«Ամերիկյան կողմը քաջ գիտակցում է, որ Հայաստանի կողմից 2020 թվականի եռակողմ հայտարարության 9-րդ կետից բխող պարտավորությունները չկատարելը ստիպել է Ադրբեջանին որոշել այլընտրանքային ճանապարհներ կառուցել։ Հարեւան պետությունների հետ կապուղիների անցկացման ընթացակարգի համակարգումը՝ ներառյալ Նախիջեւանի Ինքնավար Հանրապետություն տանող ճանապարհի վերաբերյալ Իրանի հետ համաձայնագիրը, Ադրբեջանի ինքնիշխան իրավունքն է»,- նշված է հայտարարության մեջ։
Ըստ Ադրբեջանի ԱԳՆ-ի՝ Բաքուն եւս մեկ անգամ հաստատում է, որ «3+2» ձեւաչափը (Ադրբեջան-Հայաստան-Թուրքիա-Ռուսաստան-Իրան) անվտանգության առաջնահերթություն է տարածաշրջանի համար։ Այս առումով ցանկացած մեկնաբանություն, որը խաթարում է այդ ջանքերը, տեղին չէ:
Անդրադառնալով 907-րդ ուղղման կիրարկումը ժամանակավորապես կասեցնելու մասին Ջեյմս Օ’Բրայենի մեկնաբանությանը՝ պաշտոնական Բաքուն նշել է, որ ամերիկյան կողմը, կարծես, կրկնում է այն սխալը, որը թույլ է տվել Ադրբեջանի նկատմամբ դեռեւս 1992 թվականին՝ «չնայած այն բանին, որ Ադրբեջանը եւս տուժել է ագրեսիայից եւ օկուպացիայից»։
Այնուհետեւ Բաքուն հիշեցնում է 2001-ի սեպտեմբերի 11-ի ահաբեկչության դեմ պայքարում ԱՄՆ-ի ջանքերին իր աջակցության մասին, երբ բացելով իր օդային տարածքը եւ նյութատեխնիկական ապահովման օբյեկտները՝ Հյուսիսային բաշխիչ ցանցը՝ Ադրբեջանն օգնության ձեռք մեկնեց ամերիկյան կողմին, որից հետո 907-րդ ուղղման կիրարկումը ժամանակավորապես կասեցվեց:
«Սակայն պարզվում է, որ ամերիկյան կողմը միշտ ժամանակավոր է համարել Ադրբեջանի աջակցությունը, բայց չպետք է մոռանալ, որ պատմությունը կարող է կրկնվել։ Ամերիկյան կողմի նման անտարբեր գործողությունը 907-րդ ուղղման կիրառման ժամանակավոր կասեցման վերաբերյալ չարամիտ քայլ է Ադրբեջանի դեմ»,- նշված է Ադրբեջանի ԱԳՆ-ի հայտարարության մեջ։