Ադրբեջանի սեպտեմբերի 19-ի ագրեսիայից հետո, երբ Արցախն արդեն վերջնականապես դատարկվել էր, եւ երբ ընդդիմադիր պատգամավորները քննադատում էին իշխանություններին, թե նրանց տված 10-հազարական կամ 40-հազարական դրամները տեղահանվածների հոգսերը չեն հոգալու, «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Բաբկեն Թունյանն Ազգային ժողովում հայտարարեց, որ առաջիկայում բավականին այլ բարդ խնդրի առաջ են կանգնելու։
«Ամենաբարդը դեռ առջեւում է։ Երբ քննարկենք 2024 թվականի բյուջեն, պետք է շատ կարեւոր հարցի պատասխանենք։ Լեռնային Ղարաբաղի Կառավարությունը Հայաստանի բանկերին պարտք է ահավոր մեծ գումարներ՝ 200 մլրդ դրամից ավելի։ ԼՂ երկու-երեք հիմնադրամները թողարկել են 80 մլրդ դրամից ավելի պարտատոմսեր, որոնք գնել են ՀՀ բանկերը։ Հիմա մենք պետք է որոշում կայացնենք՝ ինչ ենք անելու, արդյոք այդ գումարները թողնելու ենք բանկերի վրա՝ բարդ խնդրի առաջ կանգնեցնելով նրանց, թե վերցնելու ենք մեզ վրա՝ ավելացնելով պետական պարտքը»,- ասել էր պատգամավորը։
Գումարը, սակայն, 200 մլրդ դրամ չէ, գրեթե կրկնակի է, ավելի քան 350 մլրդ դրամ կամ շուրջ 900 մլն դոլար։ Հասկանալու համար, թե դա որքան մեծ գումար է Հայաստանի համար, ընդամենը նշենք, որ 2024-ի բյուջեի նախագծով նախատեսված է հավաքել 2 տրիլիոն 767 մլրդ դրամ՝ մեր մեկ տարվա եկամտի 1/8-ը։
Այսինքն՝ Արցախը կամ Արցախի տարբեր կառույցներ ՀՀ մասնավոր բանկերին պարտք են այդքան գումար։ Բանկերը ՀՀ Կառավարությունը չեն, որ անվերադարձ համարեն տարիներ շարունակ Արցախին տված վարկերն ու այլ փոխառությունները։ Դրանք մասնավոր ֆինանսական կազմակերպություններ են, որոնք ուզում են հետ ստանալ իրենց գումարները։ Բայց ո՞վ պետք է վերադարձնի, եթե Ղարաբաղը հայաթափված է, պետական կառույցները՝ լուծարված։
ՀՀ իշխանությունը փորձում է լուծում գտնել, բայց գումարը շատ մեծ է։ Պետական տարբեր կառույցներ հրաժարվեցին «Ալիք Մեդիային» պատասխանելուց, թե կոնկրետ ինչ գումարի մասին է խոսքը, ո՛ր տարիներին որքա՛ն գումար է տրվել, ո՛ր բանկն ինչքան է տվել, Արցախում այդ գումարներն ինչ են եղել։ Ինչպես նաեւ՝ ինչ լուծումներ են քննարկում կամ արդյոք բանկերի հետ ինչ-որ համաձայնություն ձեռք բերել են։
Կառավարությունից մեր հարցմանը պատասխանեցին, որ խնդիրը ոչ թե իրենց, այլ Կենտրոնական բանկի տիրույթում է։ ԿԲ-ն իր հերթին պատասխանեց, թե բանկերը մասնավոր կազմակերպություններ են, ինքն իրավասու չէ բացահայտելու նրանց առեւտրային գաղտնիքները։ ԿԲ-ն ընդամենը մեզ ուղարկել էր հայաստանյան բանկերի ցանկն ու նրանց տվյալները։ «Ալիք Մեդիան» 10 օր առաջ հարցում ուղարկեց նաեւ ՀՀ տասնութ բանկերից չորսին, որոնք, մեր տեղեկություններով, նման խնդրի առաջ են կանգնել, բայց նրանցից էլ պատասխան չստացանք։ Ստանալու դեպքում կներկայացնենք։
Ամեն դեպքում հետաքրքիր է, թե ինչ է տեղի ունեցել, ինչ գումարներ են դրանք եւ ուր են գնացել։ Արայիկ Հարությունյանի օրոք Արցախի նախագահին կից Հակաճգնաժամային խորհրդի նախագահ Տիգրան Պետրոսյանը մեկ ամիս առաջ համացանցում հրապարակել էր ընկերությունների ցանկ: Դա, ըստ նրա, Արցախի ներդրումային հիմնադրամի 30 խոշոր փոխառությունների ցանկն է։
Այդ հիմնադրամը փոխառություններ էր տրամադրում Արցախի ընկերություններին։ Ըստ այդ ցանկի՝ երկրորդ խոշոր՝ 17,1 մլրդ դրամի վարկը ստացել է «Գոլդ սթար» ՓԲԸ-ն։ Բաց աղբյուրների համաձայն՝ այդ ընկերությունը շահագործում էր Կովսականի Թոնդիրգետի ոսկու հանքավայրը, որը 44-օրյա պատերազմից հետո անցել է Ադրբեջանին։
Արցախի՝ Հայաստան տեղափոխված իշխանությունների կողմից հերքում չի եղել, թե ներդրումային հիմնադրամից փոխառություն ստացողների այդ ցանկը իրականությանը չի համապատասխանում։ Իսկ ըստ Տիգրան Պետրոսյանի՝ առաջին խոշոր փոխառությունը՝ ավելի քան 18 մլրդ դրամը ստացած «Ար Փաուեր» ՍՊԸ-ն առնչություն ունի երկրորդ նախագահ Սերժ Սարգսյանի փեսա Միքայել Մինասյանի հետ։ Ավելի քան 901 մլն դրամ է ստացել «Միք-շին» ընկերությունը, որի բաժնետերը, մամուլի հրապարակումների համաձայն, Երեւանում գրանցված Լարիսա Սարգսյանն է։ Վերջինս Արցախի ներքին գործերի նախարար Կարեն Սարգսյանի հորեղբոր դուստրն է։ Իսկ Կարեն Սարգսյանը Ռոբերտ Քոչարյանի օրոք ՊՊԾ պետ Գրիշա Սարկիսյանի տղան է։ Եվ այդպես շարունակ։
Ինչեւէ։ Առայժմ մեզ հաջողվեց պարզել, որ այդ մեծ գումարից շուրջ 85 մլրդ դրամը Արցախի ներդրումային եւ երկու այլ հիմնադրամների կողմից փոխառություններ են՝ տրված տարբեր ընկերություններին։ 70 մլրդ դրամը քաղաքացիների պարտքն է բանկերին, ավելի քան 50 մլրդ դրամը գյուղատնտեսության աջակցության փոխառություններ են։ Շուրջ 30 մլրդ դրամ էլ պարտատոմսերի դիմաց ներգրավված գումարն է։
Անկախ ստեղծված իրավիճակից՝ ՀՀ բանկերն ուզում են հետ ստանալ այդ գումարը։ Հակառակ պարագայում իրենք կկանգնեն մեծ խնդիրների առաջ. 350 մլրդ դրամի կորուստը կարող է կործանարար լինել ամբողջ բանկային համակարգի համար։ Մեր տեղեկություններով՝ ՀՀ Կառավարությունը փորձում է ստեղծված իրավիճակից ելք գտնել ու փրկել նրանց։ Քննարկվում է այդ գումարը կիսել, պարտքի կեսը Կառավարությունն իր վրա վերցնի ու փոխհատուցի բանկերին, մյուս կեսն էլ բանկերն իրենք չեղյալ համարեն 2022-ին ստացած մեծ շահույթի հաշվին։ Հիշեցնենք, որ անցած տարի Ռուսաստանից Հայաստան տեղափոխված տասնյակ հազարավոր միգրանտներից մեր բանկերը ստացել էին աննախադեպ մեծ՝ 256 մլրդ դրամի շահույթ։
Իշխանական մեր աղբյուրները նաեւ հաղորդում են, որ իրենց շարքերում ոչ բոլորն են համաձայն այն տարբերակին, որ արցախցիների պարտքի կեսը պետք է ՀՀ Կառավարությունն իր վրա վերցնի։ Նրանցից շատերի կարծիքով՝ բանկերն իրենք պետք է կրեն այդ տույժն այն տրամաբանությամբ, թե երբ վարկեր էին տալիս Արցախի ընկերություններին, պետք է գնահատեին այդ ռիսկը։ Իսկ եթե չեն գնահատել կամ պարզապես Հայաստանի եւ Արցախի վերնախավի հորդորներով են այդ գումարը տվել, թող իրենք իրենց ներսում, իրենց հորդորողների հետ որոշեն՝ ինչպես դուրս գալ ստեղծված իրավիճակից։
Հատկապես որ վարկեր ու փոխառություններ վերցրած ընկերությունները հիմնականում առնչվել են Հայաստանի եւ Արցախի նախկին իշխանություններին։ Գործող իշխանություններն այն կարծիքին են, որ այդ ընկերություններն ու նրանց սեփականատերերը նպատակին չեն ծառայեցրել այդ գումարների մեծ մասը. պարզապես գրպանել են։ Եվ այդ վարկերը տված մի շարք բանկերի սեփականատերերի մեջ կարելի է գտնել նաեւ ՀՀ նախկին իշխանությունների ներկայացուցիչների։
Իշխանության որոշ ներկայացուցիչներ մեզ հետ ոչ հրապարակային զրույցներում դժգոհում էին, թե ճգնաժամային եւ անվտանգային դժվար այս իրավիճակում ինչու պետք է Կառավարությունն իր վրա վերցնի այն բեռը, որի գոյացման պատասխանատուն ինքը չէ, եւ որի հիմքերը խիստ կասկածելի են։
Իսկ այդ ահռելի պարտքն առաջացել է հիմնականում նախորդ երկու իշխանությունների օրոք։ 2020-ից հետո բանկերն Արցախին փոխառություններ չեն տվել։ Այդ թվականից հետո Հայաստանից Արցախին տրված գումարից տարեկան շուրջ 20 մլրդ դրամը պարզապես պահվել է, որով մարվել է բանկերի պարտքը։
Լրագրող եմ, գրում եմ քաղաքականության եւ տնտեսության մասին։ Սիրում եմ, երբ այդ երկուսը միախառնված են, եւ հնարավոր չի լինում հասկանալ՝ քաղաքական շահե՞րն են որոշում տնտեսական զարգացումները, թե՞ տնտեսական շահերն են որոշում քաղաքական զարգացումները։