ՌԴ Դաշնային խորհրդի նախագահի տեղակալ Յուրի Վորոբյովը հայտնել է, որ, հայկական կողմի նախաձեռնությամբ եւ ՌԴ Դաշնության խորհրդի ղեկավարության անմիջական աջակցությամբ ռուսական կողմին հաջողվել էր լրացուցիչ բյուջետային միջոցներ հայթայթել ՀՀ–ում ռուսերեն ուսուցմամբ դպրոցների համար դասագիրք ձեռք բերելու եւ անհատույց փոխանցելու համար։ Նա նշել է, որ նոյեմբերի 11-ին ավելի քան 50 հազար դասագիրք է բերվել Հայաստան, սկսվել էր դրանց բաշխումը դպրոցներին, սակայն խնդիրներ են առաջացել։։
«Ուսումնական նյութերի փորձաքննություն իրականացնելու անհրաժեշտության պատրվակով ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարությունը դադարեցրել է Ռուսաստանի փոխանցած դասագրքերի բաշխումը դպրոցներին»,- հայտնել է Վորոբյովը: Նրան հատկապես տարօրինակ է թվացել այն փաստը, որ հայ գործընկերներն անձամբ էին անհրաժեշտ դասագրքերի կոնկրետ ցանկ ուղարկել Մոսկվա։
«Բիշքեկում ռուսական պատվիրակությունը հարցը բարձրացրել է ՀՀ ԱԺ փոխնախագահի հետ զրույցում»,- գրել է Վորոբյովն իր տելեգրամյան ալիքում՝ հույս հայտնելով, որ մոտ ապագայում խոչընդոտները կվերացվեն։