Արցախից տեղահանված Աստղիկ Ղարամյանը, որ դեռ երեք տարի առաջ էր փոքր բիզնես հիմնել Ստեփանակերտում, Կոտայքի մարզի Նոր Հաճըն քաղաքում է գործը շարունակում։ Սովորել է Ստեփանակերտի պետական համալսարանի կենսաբանության ֆակուլտետում (բակալավրիատ), այժմ՝ ԵՊՀ կենսաբանության ֆակուլտետի մագիստրատուրայում։
«Առաջին անգամ տեղահանվել ենք Ասկերանի շրջանի Ակնաղբյուր գյուղից՝ բնակություն հաստատելով Ստեփանակերտում։ Հենց այնտեղ էլ 2020 թվականին սկսեցի մոմագործություն ուսումնասիրել, մոմեր ու տարոսիկներ պատրաստել։
Հավատում էինք, որ գոնե Ստեփանակերտում կկարողանանք ապրել եւ արարել, ցավոք, 2023 թվականի սեպտեմբերի 25-ին երկրորդ անգամ տեղահանվեցինք»,- պատմում է Աստղիկը։ Արցախի մասին խոսելիս հուզվում է։ Ասում է՝ այնպիսի սարսափների միջով են անցել, որ էլ լավատեսություն չի մնացել։
Աստղիկը 7-հոգանոց ընտանիքում է ապրում՝ հայրը, մայրը, տատը, պապը եւ երկու եղբայրները, որոնցից մեկը դպրոցահասակ է։ Երկրորդ դասարանում սովորող եղբոր համար շատ դժվար էր նոր միջավայրում, բայց դպրոցում նրան այնպիսի մեծ սիրով ու ջերմությամբ են շրջապատել, որ աստիճանաբար հարմարվել է, նոր ընկերներ ունի։ Թեեւ նոր դպրոցն ու ընկերներին հասցրել է սիրել, բայց կարոտում է հարազատ Արցախը, իր դպրոցը։
Մոմագործությամբ զբաղվելու հենց առաջին ամիսներից Աստղիկը Ստեփանակերտում պատվերներ է ստացել։ Հաճախ նաեւ մեծաքանակ գնումներ են եղել։ «Օրինակ՝ կոսմետոլոգիական կենտրոններն էին հաճախ մոմեր պատվիրում։ Շատերն իրենց համար էին գնում՝ տան ինչ-որ անկյունում դնելու։ Շրջափակման ընթացքում էլ էի պատվերներ ստանում»,- պատմում է Աստղիկը։
2023 թվականի ամռանը Աստղիկը մասնակցել է «Հայկական բարեգործական ընդհանուր միության» կազմակերպած «Կին ձեռներեցներ» ծրագրին, որի ընթացքում նոր գիտելիք է ձեռք բերել եւ այժմ կիրառում է բիզնեսում։
Նոր Հաճընում հաստատվելուց հետո նախկինի պես շատ պատվերներ չունի, սակայն հույս ունի, որ գործը կրկին հունի մեջ կընկնի։ «Մոտ մեկ շաբաթ առաջ սոցցանցերում իմ էջերն ակտիվացրի՝ հայտնելով, որ շարունակում եմ իմ աշխատանքը։ Հենց առաջին օրը զանգեցին ու մոմեր պատվիրեցին»,- ոգեւորված պատմում է Աստղիկը։
Հիմա նրանց ընտանիքում ոչ ոք չի աշխատում։ Մոմեր պատրաստելիս երբեմն ընտանիքի անդամներն օգնում են, բայց Աստղիկը հիմնականում մենակ է աշխատում։ Աշխատանքն ուսման հետ հեշտությամբ է համատեղում։ Ուրախ կլինի, եթե շատ պատվերներ ունենա:
Մոմերի դիզայնի վերաբերյալ շատ գաղափարներ ունի, որոնք անպայման կյանքի է կոչելու։ Եթե գործը լավ ընթանա, մոմագործությունն ավելի խորությամբ ուսումնասիրելու նպատակով ծրագրրում է դասընթացների հաճախել։ Նպատակները շատ են, դրանք իրագործելու ցանկությունը՝ մեծ։ Այսուհանդերձ, կյանքի ամենամեծ նպատակները հարազատ Արցախի հետ են կապված։ Հիմա թվում է, թե կորստի ցավից հույսն էլ է մարել, բայց երազում է Արցախի եւ այնտեղ ապրելու մասին։ Առանց այդ երազանքի հնարավոր չէ ապրել ու ստեղծագործել։
Մոմեր կամ տարոսիկներ կարելի է պատվիրել՝ գրելով Աստղիկի ֆեյսբուքյան էջին կամ զանգահարելով նրան 055 44 64 24 հեռախոսահամարով։
Լրագրողն իր մասնագիտական գործունեությամբ հասարակական կարծիք է ձեւավորում։ Հենց ա՛յդ գիտակցումով եմ առաջնորդվում եւ աշխատում։