Միացյալ Նահանգները եւ եվրոպացի դաշնակիցները Գազայի հատվածում պատերազմի ավարտից հետո միջազգային խաղաղապահ ուժեր տեղակայելու համար պլան են մշակում: Bloomberg-ը, հղում անելով իրազեկ աղբյուրներին, գրում է, որ քաղաքացիական բնակչության աճող զոհերի ֆոնին դա միտված է Իսրայելի վրա ճնշումը մեծացնելուն, որպեսզի նա դադարեցնի իր ռազմական գործողությունը:
Այդ գաղափարը քննարկող պաշտոնյաները կասկածում են՝ արդյո՞ք նման գործողությունը հնարավոր կլինի Գազայում, հատկապես հաշվի առնելով Իսրայելի բացասական մոտեցումը:
Այնուամենայնիվ, նախաձեռնության հեղինակները կարծում են, որ ՄԱԿ-ի ուժեր ներգրավելու հնարավորության արծարծումը գուցե Իսրայելին դրդի Գազայում դադարեցնելու իր ռազմական գործողությունները, որոնք արդեն իսկ հանգեցրել են ավելի քան 11 հազար մարդու մահվան եւ հումանիտար աղետի:
Անանուն իսրայելցի պաշտոնյաները Bloomberg-ի թղթակցին խոստովանել են, որ թերահավատորեն են վերաբերվում ՄԱԿ-ի ուժերի արդյունավետությանը: Նրանք ակնկալում են, որ իսրայելական զորքերը «սեփական ցանկությամբ» հնարավորություն կունենան ազատորեն ելումուտ անելու Գազա: