Բաքվի Սաբայիլի շրջանային դատարանը քննել է քաղաքացի Մ. Հուսեյնզադեի դեմ Ադրբեջանի պետանվտանգության ծառայության ներկայացրած միջնորդությունը։
Գործի նյութերից հետեւում է, որ 2023 թվականի նոյեմբերին Հուսեյնզադեն, որ երկար ժամանակ գաղտնի տեսադիտարկում է իրականացրել, փորձել է զինված ներխուժել Բաքվում գտնվող օտարերկրյա պետության դիվանագիտական ներկայացուցչության վարչական շենք՝ ահաբեկչություն իրականացնելու նպատակով։
Հուսեյնզադեն մեղադրվում է Ադրբեջանի քրեական օրենսգրքի մի շարք հոդվածներով, մասնավորապես՝ ահաբեկչության նախապատրաստման եւ իրականացման փորձի դրվագներով։
Դատարանի որոշմամբ՝ Մ. Հուսեյնզադեի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել 4 ամիս ժամկետով կալանավորումը։
Ադրբեջանական լրատվամիջոցները չեն հայտնել՝ հատկապես որ երկրի դիվանագիտական ներկայացուցչության վրա էր ծրագրվել զինված հարձակումը:
Նոր մանրամասներ
Ավելի ուշ իսրայելական Ynet ռեսուրսը հայտնել է, որ Ադրբեջանի պետական անվտանգության ծառայության կողմից ձերբակալված տղամարդը փորձել է պայթեցնել Բաքվում Իսրայելի դեսպանատունը։ Ynet-ը հավելել է, որ ձերբակալվածն իրանցի է։