Ամստերդամի վավերագրական ֆիլմերի փառատոնում՝ IDFA-ում, որը վավերագրական կինոյի աշխարհի ամենահեղինակավոր կինոփառատոնի համարում ունի, Շողակաթ Վարդանյանի դեբյուտային «1489» ֆիլմն արժանացել է «Լավագույն ֆիլմ» եւ «FIPRESCI» մրցանակների։
Դրա մասին հայտնել է «Ոսկե ծիրան» կինոփառատոնի գեղարվեստական ղեկավար Կարեն Ավետիսյանը։
«Ֆիլմը թափանցող լույս է, որը տեսանելի է դարձնում թաքնված վշտի վիթխարի ներքին աշխարհը` անտանելի բացակայությունից ստեղծելով շոշափելի ներկայություն։ Կինոն՝ որպես գոյատեւման գործիք, թույլ է տալիս տեսնել այն, ինչը մենք նախընտրում ենք չտեսնել»,- ասված է ֆիլմի գլխավոր մրցանակի համար ժյուրիի եզրակացության մեջ:
Ինչպես նշված է deadline կայքում, ֆիլմը պատմում է ռեժիսորի 21-ամյա եղբոր՝ Սողոմոն Վարդանյանի մասին, որն անհետացել էր 2020 թվականին Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ բռնկված պատերազմի առաջին օրերին: