Ճապոնիայի վարչապետ Ֆումիո Կիսիդան Չինաստանի նախագահ Սի Ծինփինի հետ հանդիպման ժամանակ պահանջել է վերացնել ճապոնական ծովամթերքի վրա Չինաստանի սահմանած էմբարգոն՝ «Ֆուկուսիմա-1» ատոմակայանից օվկիանոս ջրի բացթողման մեկնարկի կապակցությամբ:
Ըստ ճապոնական Kyodo գործակալության՝ Կիսիդան միաժամանակ պահանջել է անհապաղ հեռացնել վիճելի Սենկակու (Դիաոյու) կղզիների տարածքում տեղադրված հետազոտական սարքավորումները: Տոկիոն այս հարցով ավելի վաղ բողոք էր ներկայացրել Պեկինին՝ նշելով, որ սարքավորումները տեղադրվել են Ճապոնիայի բացառիկ տնտեսական գոտում։ Խնդիրը նախատեսվում է քննարկել փորձագիտական մակարդակով խորհրդակցությունների ժամանակ։
Կիսիդան Սի Ծինփինին խոր մտահոգություն է հայտնել նաեւ Արեւելաչինական ծովում տիրող իրավիճակի կապակցությամբ։
2023-ի օգոստոսին Պեկինը ամբողջական արգելք է դրել Ճապոնիայից ծովամթերք գնելու վրա՝ Տոկիոյից պահանջելով դադարեցնել «Ֆուկուսիմա-1» ատոմակայանի ջուրն օվկիանոս բաց թողնելը։ Ճապոնիայի իշխանությունները պնդում են, որ այս ջուրը մաքրվել է բոլոր ռադիոակտիվ նյութերից՝ բացառությամբ տրիտիումի։ Դրա պարունակությունը ջրում, ըստ Տոկիոյի հավաստիացումների, նորմայից շատ անգամ ցածր է, դրանց թվում՝ մաքուր ծովի ջրով նոսրացման պատճառով։ «Ֆուկուսիմա-1» ատոմակայանից ջուր բաց թողնելու գործողությունը հավանության է արժանացրել Ատոմային էներգիայի միջազգային գործակալությունը։