Գյումրին նվեր է ստացել. 1920 թվականի Շիրակի նահանգապետ Կարո Սասունիի բրոնզաձույլ արձանը «Զորավար Սեպուհ» պատմաքաղաքական վերլուծական կենտրոնը նվիրել է քաղաքին, մնում է տեղը որոշել:
Կարո Սասունիի շուրջ երեքմետրանոց արձանի համապատասխան տեղը գտնելու նպատակով Գյումրու «Կումայրի արգելոց-թանգարանի» ցուցասրահում հավաքված քաղաքի հեղինակավոր քանդակագործները, ճարտարապետները, մտավորականները քննարկել եւ առաջարկել են հավանական վայրերը:
Հավաքվելու եւ ընդհանուր հայտարարի գալու նախաձեռնությունը «Քանդակագործության ազգային պարկ-թանգարանի» տնօրեն, քանդակագործ Արթուր Գեւորգյանինն էր:
Մասնագիտական քննարկման ընթացքում «Զորավար Սեպուհ» ռազմավարական վերլուծությունների կենտրոնի հիմնադիր-նախագահ, պատմական գիտությունների դոկտոր-պրոֆեսոր Աշոտ Ներսիսյանն ասել է՝ Կարո Սասունին մտավորականի, գրողի, պատմաբանի, քաղաքական, պետական գործչի սիմվոլ է: Ոմանք էլ տեղում իմացել են, որ Ներսիսյանը Սասունիի մասին գիրք ունի: Նա տեղեկացրել է նաեւ, որ արձանը տարբեր քաղաքներում տեղադրելու առաջարկներ շատ է ստացել՝ մայրաքաղաքում, Սարդարապատում եւ այլ բազմաթիվ վայրերում, բայց կարծում է, որ Սասունիի տեղը Գյումրին է:
Արձանի քանդակագործ Միսակ Մելքոնյանը մինչ քանդակելու առաջարկը ստանալը այնքան էլ տեղեկացված չի եղել Սասունիի կյանքի եւ գործունեության մանրամասներին: Ոսումնասիրել ու հասկացել է. «Այս նախաձեռնությունը հանաք- մասխարություն չէ: Այն արժանիքները, որ ունեցել է Կարո Սասունին, անմնացորդ ներդրել է հայրենքին ծառայելու մեջ»: Եվ հորդորել է ներկաներին կարծիք հայտնել եւ ուղղորդել ճիշտ տեղը որոշելու հարցում:
Արձանի դիզայնի մասին խոսելիս քանդակագործը նշել է, որ այն շարժման մեջ է տեսել. «Ծխամորճը, հագուկապը, ձեռքի ժեստն իրական կառավարչի կերպարն են ի ցույց դնում: Արձանն արտացոլում է քաղաքական գործչի ներքին եւ արտաքին երկխոսությունն ու ներդաշնակությունը»: Եվ վստահեցրել է՝ պատրաստ է լսելու դիտողություններ ու քննադատություններ:
Մասնագիտական քննարկման ընթացքում մի քանի հնարավոր տեղեր են նշվել՝ Գյումրու նորակառույց «Մուշ» թաղամասը, «Սեւ Բերդ» ամրոցի տարածքը, Շիրակի պետական համալսարանի բակը եւ այլ վայրեր:
Թե Գյումրիում որտեղ կտեղադրվի քաղաքական գործչի արձանը, պարզ կլինի, երբ առաջարկները համայնքի ավագանու որոշմանը ներկայացվեն:
Առաջին մասնագիտությամբ բանասեր, երկրորդով՝ հոգեբան, լրագրությունը, սակայն, երրորդը չէ։ Լրագրությունը բոլոր մասնագիտություններից ամենասիրելին է։