ԱՄՆ պաշտպանության նախարարությունը Կոնգրեսին կոչ է արել անհապաղ բավարարել նախագահ Ջո Բայդենի խնդրանքը Ուկրաինային եւ Իսրայելին օժանդակություն պարունակող լրացուցիչ ֆինանսավորման վերաբերյալ:
ԱՄՆ պաշտպանության նախարարության փոխխոսնակ Սաբրինա Սինգհը ճեպազրույցի ժամանակ հայտարարել է, որ լրացուցիչ ֆինանսավորումը կլինի նաեւ ներդրում ԱՄՆ ռազմարդյունաբերական ոլորտում։ Ըստ նրա՝ դա հնարավորություն կտա համալրելու Պենտագոնի սպառազինության պաշարները, որոնք նախկինում հատկացվում էին արտաքին օգնության տեսքով։
Պենտագոնի խոսնակն ընդգծել է, որ լրացուցիչ ֆինանսավորումը կբավարարի նաեւ Ամերիկայի ազգային անվտանգության կարիքները։
Սինգհը պարզաբանել է, որ ԱՄՆ պաշտպանության նախարարությունն այժմ ունի ընդամենը 4,9 միլիարդ դոլար՝ նախագահական լիազորությունների հատկացումների շրջանակում գումարն օգտագործելու համար: Բացի դրանից՝ շուրջ 1,1 միլիարդ դոլար է մնացել Պենտագոնի սեփական պահուստները համալրելու համար։