Հարյուրավոր վիրավորներ՝ պատերազմից, հետո՝ բենզինի պահեստի պայթյունից. Ստեփանակերտի բժշկական կենտրոնի ուռուցքաբանական ծառայության ղեկավար Արմեն Հայրիյանը բուժհաստատությունում է մնացել մինչեւ վերջին բուժառուին դուրս գրելը։
Այսօրվա պես է հիշում՝ ինչպես սեպտեմբերի 19-ին աշխատանքային խորհրդակցությունն ընդհատվեց պայթյունի ձայներից, ու ժողովի թեման փոխվեց։ Եթե մինչ այդ քննարկում էին շրջափակման պայմաններում առանց այդ էլ դժվարացած բուժսպասարկման տրամադրումն ու փորձում ելքեր գտնել, հիմա պիտի նոր մարտահրավերին դիմակայեին։
«Շատ արագ կազմակերպվեցինք։ Արդեն պարզ էր՝ վիրավորների հոսք է լինելու։ Յուրաքանչյուրս մեր բաժանմունքում գտնվող հիվանդներին տեղեկացրինք, որ պետք է դուրս գրվեն, որ հիվանդանոցը կարողանա վիրավորներին ընդունել։ Ընդամենը մի քանի ժամում ենք գործընթացն իրականացրել։ Հետո նկուղային հարկում սկսեցինք արտակարգ պայմաններում աշխատել»։
Պատերազմի մեկ օրվա ընթացքում Ստեփանակերտի հանրապետական բժշկական կենտրոնը սպասարկել է ռազմական գործողությունների ընթացքում վիրավորված շուրջ 300 զինծառայողների եւ քաղաքացիական անձանց։ Կենտրոն հատկապես ծանր վնասվածք ստացածներին են տարել, ավելի թեթեւ վիրավորներին մյուս բուժհաստատություններում են տեղավորել։
Արցախում շրջափակումից՝ 2022 թվականի դեկտեմբերի 12-ից օրեցօր ավելի է բարդացել բժշկական գործունեությունը․ դեղերի պակաս, ենթակառուցվածքների աշխատանքի խափանումներ, տրանսպորտի շահագործման համար վառելիքի բացակայություն․․․
«Հատկապես շրջանների բնակիչների համար հիվանդանոց հասնելը դժվար էր հեռավորության պատճառով, բուժսպասարկման կարիք ունեցող քաղաքացիների թիվը մեծ էր՝ թերսնման եւ այլ դժվարությունների հետեւանքով։ Օրինակ՝ քիմիաթերապեւտիկ բուժումը շատ դժվար է կազմակերպելը, երբ մարդիկ նորմալ չեն սնվում։ Շատերն էլ պարզապես ժամանակին չէին հասնում հիվանդանոց, եւ այն հիվանդությունները, որոնք առաջին կամ երկրորդ փուլում կարող էին բուժվել, խորանում էին՝ հաճախ անդառնալի հետեւանքներ թողնելով»,- ասում է բժիշկը՝ հավելելով, որ թեեւ «Կարմիր խաչի» միջոցով դեղորայք են ստացել, եւ որոշ բուժառուներ էլ տեղափոխվել են Երեւան, սակայն դա էական ազդեցություն չի ունեցել։
Սպառված ռեսուրսներով բուժհաստատությունն ու բուժանձնակազմը, սակայն, պատվով են դիմացել պատերազմական մարտահրավերին՝ փրկելով բազմաթիվ կյանքեր, բայց հաջորդ արհավիրքը սպասեցնել չի տվել։ Բենզինի պահեստի պայթյունը հերթական ծանր հարվածն է հասցրել՝ ուժ հավաքելու հնարավորություն չտալով։
«Արհավիրքն այնքան մեծ էր, որ չէինք պատկերացնում՝ օրեր առաջ պատերազմի միջով ենք անցել։ Անտանելի ծանր վիճակ էր, հարյուրներով վիրավորների էին բերում՝ ամբողջովին այրված, անճանաչելի։ Առաջին օգնության միջոցառումներից հետո սպառված ուժերով կազմակերպում էինք նրանց տեղափոխումը։ Դժվար էր նաեւ այն առումով, որ բռնի տեղահանումը սկսվել էր, եւ բուժանձնակազմի ներկայացուցիչներն էլ ստիպված պետք է դուրս գային»,- պատմում է Հայրիյանն ու նշում, որ վերջին օրերին կենտրոնի շուրջ 500 աշխատակիցներից մոտ երեք տասնյակն է տեղում եղել։
Բժիշկն ասում է՝ հենց այդ անօգնական վիճակն էր ամենաբարդը՝ թե՛ ֆիզիկական, թե՛ առավելապես հոգեբանական առումներով։ Հայրիյանը, որ տեսել է նաեւ քառօրյա ու քառասունչորսօրյա պատերազմները, դժվարանում է համեմատել ծանրաբեռնվածության աստիճանը։ Ասում է՝ բոլորն էլ սարսափելի էին, բայց այն օրերին մենակ չէին։
«Եթե քառօրյա, քառասունչորսօրյա պատերազմների ընթացքում գիտեինք՝ աշխարհը մեր կողքին է, այս օրերին հույս չկար: Այդ պատերազմների ընթացքում Հայաստանի եւ աշխարհի մեր բազմաթիվ հայրենակիցներ, նրանց թվում՝ բուժաշխատողներ ու կամավորներ, մեզ հետ հավասար պայքարել եւ օգնել են։ Տոտալ շրջափակման ժամանակ մենակ էինք՝ հույսներս միայն մեզ վրա դրած»,- ասում է բժիշկը։
2001 թվականից՝ Արցախի ուռուցքաբանական դիսպանսերի բժիշկ-ուռուցքաբան, հետո՝ նույն դիսպանսերի ստացիոնար բաժանմունքի վարիչ, 2007 թվականից՝ առողջապահության փոխնախարար, այնուհետեւ՝ ուռուցքաբանական դիսպանսերի ղեկավար եւ վերջում՝ Հանրապետական բժշկական կենտրոնի ուռուցքաբանական ծառայության ղեկավար․ Արցախում թողնելով աշխատանքային հարուստ կենսագրությունը՝ Հայրիյանը դուրս է եկել միայն հիշողություններով։
«Շատ դժվար էր բաժանվել Արցախից, այն հիմնարկից, որտեղ տասնամյակների գործունեություն ես ծավալել: Քսան տարուց ավելի նույն աշխատանքով զբաղվել եւ մեկ օրվա ընթացքում ամեն ինչ թողնել․․․ Բայց բոլորիս ամենամեծ կորուստը հայրենիքն էր, մեր հարազատների գերեզմաններն ու այնտեղ ապրած կյանքը»,- ասում է բժիշկը։
Բռնի տեղահանվելուց հետո ընդամենն օրեր անց Հայրիյանն աշխատանքի է անցել առողջապահության նախարարության Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության ազգային կենտրոնի դեղորայքային ուռուցքաբանության բաժանմունքում որպես ուռուցքաբան-քիմիաթերապեւտ։ Ուրախ է, որ սիրելի մասնագիտությամբ է զբաղվում, որն օգնում է որոշ չափով հաղթահարելու շոկն ու ամբողջ կատարվածը։
«Այդ դժոխքը մոռանալն անհնար է, սարսափելի բաների միջով ենք անցել։ Հիմա պիտի դիմանանք, աշխատենք, հաղթահարենք, որքան հնարավոր է»։
Լրագրությունը որպես մասնագիտություն ընտրելիս հավատացած էի` այն կարող է աշխարհը փոխել: Հիմա մտածում եմ` գուցե աշխարհը փոխել չստացվի, բայց որոշ դեպքերում իրավիճակ փոխել հնարավոր է: