Խնձրիստանում, Շուշիում ու Ստեփանակերտում Աղասարյանները տուն են թողել։ Առաջինի դեպքում՝ ինքնակամ, երբ 1993-ին Ասկերանից արդեն ազատագրված Շուշի են տեղափոխվել։ Իսկ 27 տարի անց Շուշիից դուրս են եկել հարկադրաբար․ պատերազմ էր, որի արհավիրքն անգամ նրանց տունդարձը կասկածի տակ չի դրել։ Կարծել են՝ կավարտվի, կվերադառնան։
Այդպես էլ եղել է։ 2020-ին՝ մինչ Քարվաճառի հանձնելն ու կյանքի ճանապարհի փակվելը՝ նոյեմբերի 24-ին, Արցախ են հասել։ Բայց Աղասարյանների 11-հոգանոց ընտանիքի տունն արդեն Ստեփանակերտում էր, իսկ Շուշին այնտեղից երեւացող հավերժ կարոտ էր դարձել։
«Որպես փախստական Ստեփանակերտում վարձով էինք մնում, մինչեւ տուն կտային։ Սեփական տուն էր, պետությունը վարձը տալիս էր։ Բայց վերջին ամիսներին է՛լ չեն տվել։ Քանի անգամ գնացել եմ, ասել՝ երկու սենյակի մեջ 11 շունչ ենք, ասել են՝ հերթով ա, սպասե՛ք, բայց տուն ստանալու էդ հերթը մեզ տենց էլ չի հասել։ Հետո էս վերջին ամիսներին որ գնացել եմ, անընդհատ հարցրել, ասել են՝ չգիտենք, թե վաղը ոնց կլինի»։
Երեք տարի առաջ իրենց հետ կատարվածը 54-ամյա Արմինեն պատմում է մեկ շնչով, թե ինչպես են սեպտեմբերի 27-ի գիշերը երեխային լույս աշխարհ բերած աղջկան վիրահատարանից ուղիղ նկուղ տեղափոխել, որ փեսան «հանգիստ խղճով» պատերազմ գնար։ Զինվորական երկու որդիներն էլ դիրքերում են եղել։ Հետո ընտանիքը ստիպված լքել է ժամ առ ժամ վտանգավոր դարձող Շուշին։ Բայց Արմինեի հաշմանդամ ամուսինը համառել է։ Կնոջն ու երեխաներին ճանապարհել է, ինքը եւս 20 օր քաղաքում մնացել։ Նրա՝ Հայաստան տեղափոխվելուց հետո ադրբեջանցիները տան մեջ փեսայի հորն են սպանել, իսկ փեսան այդ ժամանակ արդեն վիրավոր է եղել։
Օձունի մեծ ու ընդարձակ տանը ցուրտ չէ։ Արմինեն հուզմունքից է դողում։ Մեկօրյա այս պատերազմն էլ միայն տան, հայրենիքի կորստով չէ հոգու վրա ծանր բեռ դարձել։ Եղբոր տղան արդեն երկու ամիս է՝ «Էրեբունի» բժշկական կենտրոնում է՝ կոմայի մեջ․ զոհվածներին տեղափոխող շտապօգնության մեքենայի ղեկին է եղել, երբ անօդաչուն հարվածել է։
«Չեմ պատկերացրել, որ նորից էսպիսի բան կլինի։ Ասել եմ՝ Շուշիի տունը՝ հեչ, կարեւորը էրեխեքս սաղ-սալամաթ պրծել են։ Երեք կռվի մեջ իրանք մասնակցել են։ Ռուսներով արխայինացել ենք, ասել ենք՝ ռուսը էստեղ ա, կռիվ չի լինելու։ Ով ա իմացել, որ առաջին դուշմանը հենց ռուսն ա եղել»։
Սեպտեմբերի 19-ին Աղասարյաններն ամեն մեկը սովորականի պես իր գործին է գնացել։ Հատուկջոկատային երկու ավագ որդիներն ու նրանց կրտսերը, որ ժամկետային զինվորական էր, ծառայության մեջ են եղել, հարսը, աղջիկն ու Արմինեն՝ աշխատանքի, երեխաները՝ մանկապարտեզում։ Այդ օրը տնից դուրս գալուց միայն 12-ամյա Աշոտն է հրաժարվել։ Ընդմիջման ժամին տուն եկած Արմինեն հասցրել է ուտելու բան պատրաստել, բայց հացի պատառը, ինչպես ասում է, բերանին չդրած՝ «գմփոց է լսել»։ Հետո՝ երկրոդը եւ այդպես շարունակ։
Անմիջապես կողքի սենյակ՝ ամուսնուն արթնացնելու է շտապել, հետո կանչել՝ «վա՜յ, էրեխեքս», եւ նույն պահին էլ ամուսնու մասին կարծես մոռացել։ Երբ տնից վախեցած փախել են, Աշոտն է մորը հիշեցրել, որ «պապային թողել են»։
Պատսպարվելու ամենամոտիկ տեղը տան մոտ գտնվող մանկապարտեզն է եղել, որտեղ խուճապն ու խառնաշփոթը կրկնապատկվել են․ վախեցած փոքրիկներ, երեխաներին փնտրող ծնողներ, հազիվ տեղաշարժվող տարեցներ, գոռոց, աղմուկ՝ չդադարող պայթյունների ուղեկցությամբ։ Մինչեւ որ մանկապարտեզից դուրս գալու որոշում է կայացվել․ «թուրքերը Շուշիի տակ էին իջել»։
Հաջորդ ապաստարանը Ստեփանակերտի «Ցոր» զորամասի հարեւանությամբ գտնվող եկեղեցին է եղել։ Երբ զորամասը ռմբակոծել են, ներսում գտնվողները կարծել են, թե եկեղեցին փլվել է։ Արմինեն «հանձնվել» է։
«Համարյա մեռած էի։ Մտածեցի՝ վերջ, էլ էրեխեքիս չեմ տեսնելու։ Բայց ամսի 20-ին, երբ ասին, որ բանակը հանձնվում ա, զինադադար ա, դուրս եկա եկեղեցու հայաթ, տեսա մի հատ սպեցնազի ֆորմով տղա։ Մոտեցա, հարցրի՝ սպեցնազից ե՞ս։ Թե՝ հա։ Աղասարյան Տիգրանին ճանաչում ե՞ս՝ հարցրի։ Թե՝ հա, մորքո՛ւր ջան, մի՛ վախեցիր, տուն ա գնացել․․․»:
Բայց Արմինեն տուն գնալ չի կարողացել։ Դեպի Հայաստան նրա ճանապարհը սկսվել է Սուրբ Աստվածամայր եկեղեցու բակից։ Որդիները մինչեւ վերջ ծառայության են կանգնել, հետո ընտանիքը մի քանի մասի բաժանված հեռացել է Ստեփանակերտից։
Այս անգամ ոչ թե իրենց, այլ ուրիշի վարձակալած տունն են թողել, որի ներսում, սակայն, արցախյան վերջին երեք տարիների իրենց «ուրիշ» կյանքն էր՝ երեխայից պահած շշով, որ հանկարծ թեյ չուզի, դոշաբից պատրաստված «շոկոլադով» ու «սիսեռի սուրճի» բույրով։
Օձունի մեծ ու ընդարձակ տանը ե՛ւ շոկոլադը, ե՛ւ սուրճը իսկական են․ ամեն առավոտ ամուսինները վայելում, ժպտում են։ Ու խաղաղության մեջ թվում է՝ դժվարություններ չկան։ Մինչդեռ Աղասարյանների՝ երկու մասի բաժանված մեծ ընտանիքի անդամները աշխատանք չեն գտնում։ Կրտսեր աղջիկն ու ավագ որդին իր ընտանիքի հետ Երեւանում են, մյուսները՝ Օձունում։
Արմինեն տան միակ աշխատողն է։ Շուշիի 13 տարվա փորձով գյուղի արտադրամասերից մեկում լավաշ է թխում։ Իսկ տանը խնամում է հաշմանդամ ամուսնուն եւ անկողնուն գամված կուրացած մորը։ Տունը թեեւ իրենցը չէ, բայց գյուղն ու տեղանքն արդեն իրենցն են համարում։ Ոչինչ, որ տան միակ փաստաթուղթը Շուշիի բնակարանի օրդերն է․ թանկ մասունքի պես են պահում։
«Ես էստեղ զգացի ինչպես մեր Ղարաբաղում։ Ոնց որ էս մարդկանց մեջ ապրած, աշխատած լինեմ։ Մեզ հետ բոլորը լացում էին»,- ասում է Արմինեն։ Ամուսինը՝ Գարիկը, նրա ամեն ասածը հաստատում եւ ավելացնում է՝ «լյոխճին շատ շնորհակալ ենք»։
Օձունի քարաժայռերը Շուշվա քերծերին են նման։ Անձրեւն էլ այստեղ Շուշին է հիշեցնում, երբ Արմինեն պայուսակից հանում է իր տնից վերցրած միակ իրը՝ կիսամաշ, բայց շատ թանկ անձրեւանոցը։
Մասնագիտությամբ լրագրող եմ։ 15-ամյա աշխատանքային գործունեությանս մեծ մասն անցել է հեռուստատեսության ոլորտում՝ Ալավերդու «Անկյուն+3» հեռուստաընկերությունում։