Թուրքիայում ԱՄՆ դեսպանատունը հակաամերիկյան գործունեության ակտիվացման պատճառով ամերիկացիներին նախազգուշացրել է բռնության սրացման վտանգի մասին։ Դեսպանատունը քաղաքացիներին հորդորել է զգուշություն եւ զգոնություն դրսեւորել ԱՄՆ-ի կամ Իսրայելի հետ նույնացվող վայրերում։
Հակաամերիկյան գործունեության ակտիվացման կապակցությամբ Թուրքիայում ամերիկյան կառավարական հաստատությունների աշխատակիցներին խորհուրդ է տրվել նվազագույնի հասցնել տեղաշարժն ու մասնակցությունը հասարակական միջոցառումներին։
Թուրքիայում ԱՄՆ դեսպանատան հայտարարության մեջ նշվում է, որ ԱՄՆ արտաքին քաղաքականության քննադատությունը, ամերիկյան ձեռնարկությունները բոյկոտելու կոչերը, հակաամերիկյան ցույցերը, հռետորաբանությունն ու գրաֆիտին, ամերիկյան գույքի վնասումն ու որոշ ամերիկյան ձեռնարկությունների տեղի աշխատակիցներին վնասվածքներ հասցնելը Թուրքիայում շարունակվում են:
«Մեծ հավաքները կարող են հանգեցնել ոստիկանության խստացված ներկայությանը, ճանապարհների փակմանն ու ճանապարհային երթեւեկության խաթարմանը։ Ցանկացած նույնիսկ խաղաղ հանրահավաքը կարող է բռնության էսկալացիայի հանգեցնել»,– ասված է հայտարարության մեջ։
Ադանայի ամերիկյան հյուպատոսությունն ու Իզմիրի հյուպատոսական գործակալությունը չեն գործում։