Երեւանում նոյեմբերի 18-ի մեկնարկած ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի աշնանային նստաշրջանում ելույթի ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղության հասնելու ճանապարհին կան լավ եւ վատ լուրեր։
Վատ լուրն այն է, որ Ադրբեջանի հետ խոսում ենք տարբեր դիվանագիտական լեզուներով եւ շատ հաճախ չենք հասկանում իրար: Ադրբեջանում պաշտոնական մակարդակում ՀՀ-ն սկսել են կոչել «Արեւմտյան Ադրբեջան», եւ այս հայեցակարգը ուսուցանում են դպրոցներում, համալսարաններում: Ըստ Փաշինյանի՝ սա Հայաստանի դեմ նոր ռազմական ագրեսիա կազմակերպելու նախապատրաստություն է թվում։ Նրա համոզմամբ՝ սա է նաեւ խաղաղության գործընթացի առաջընթացի հիմնական խոչընդոտներից մեկը։ Հայաստանը չի հասկանում նաեւ տասնյակ գերիներին Հայաստանին հետեւողականորեն չվերադարձնելու ադրբեջանական մոտեցումը։
Ըստ Փաշինյանի՝ Հայաստանն այդուհանդերձ շարունակում է հավատարիմ մնալ խաղաղության օրակարգին եւ մտադիր է ակտիվացնել դիվանագիտական ջանքերն Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի ստորագրման համար։ ՀՀ վարչապետը նաեւ նաեւ նշել է, որ Հայաստանն Ադրբեջանին առաջարկում է հասցեագրել էքսկլավ, անկլավների հարցերը։ «Հայաստանի ինքնիշխան տարածքի մաս հանդիսացող էքսկլավ Արծվաշենը, օրինակ, ավելի քան 30 տարի գտնվում է ադրբեջանական օկուպացիայի ներքո»,- նշել է նա։
Ըստ Փաշինյանի՝ լավ լուրն այն է, որ Ադրբեջանի հետ խաղաղության հիմնական սկզբունքները համաձայնեցված են։ Դա տեղի է ունեցել Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի միջնորդությամբ բրյուսելյան եռակողմ հանդիպումների արդյունքում, որոնք արձանագրվել են Միշելի` մայիսի 14-ի եւ հուլիսի 15-ի հայտարարություններում։
Նա հիշեցրել է արձանագրված սկզբունքները՝ Հայաստանն ու Ադրբեջանը ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունը (Հայաստան՝ 29․800 քառակուսի կմ, Ադրբեջան՝ 86․600 քառակուսի կմ)։ Երկրորդ սկզբունքով Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ որպես սահմանազատման քաղաքական հիմք համաձայնեցվել է 1991 թվականի Ալմա Աթայի հռչակագիրը։