ՀԱՄԱՍ-ի եւ Իսրայելի պաշտպանության բանակի միջեւ պատանդների փոխանակման գործարքը կարող է տեղի ունենալ առաջիկա երկու օրվա ընթացքում: Այն կսկսվի հրադադարով, որը կարող է ուժի մեջ մտնել նոյեմբերի 20-ի առավոտյան ժամը 11-ին: Դրա մասին հայտնել են արաբական լրատվամիջոցները:
Ամերիկյան Washington Post պարբերականն իր հերթին, հղում անելով աղբյուրներին, հայտնել է, որ Իսրայելն ու ՀԱՄԱՍ-ը ԱՄՆ-ի միջնորդությամբ նախնական համաձայնության են եկել պատանդներին ազատ արձակելու շուրջ: Գործարքը հնարավորություն կտա ազատ արձակելու Գազայի հատվածում պահվող տասնյակ կանանց ու երեխաների՝ հնգօրյա հրադադարի դիմաց: Պատանդների ազատ արձակումը կարող է սկսվել առաջիկա մի քանի օրվա ընթացքում, հայտնում է պարբերականը։
Ըստ Washington Post-ի՝ համաձայնագրից բխում է, որ հակամարտող կողմերը կդադարեցնեն ռազմական գործողությունները առնվազն հինգ օրով, իսկ պատանդները փոքր խմբերով կազատվեն 24 ժամը մեկ»,– գրում է պարբերականը։ Միեւնույն ժամանակ Սպիտակ տունը հերքել է գործարքը: Մասնավորապես, Սպիտակ տան Ազգային անվտանգության խորհրդի խոսնակ Ադրիեն Ուոթսոնն իր հերթին X սոցիալական ցանցում (նախկինում՝ Twitter) գրել է. «Մենք դեռ համաձայնության չենք եկել, բայց շարունակում ենք ջանասիրաբար աշխատել այդ ուղղությամբ»։
Reuters-ը նաեւ հայտնել է, որ Կատարը ձգտում է համաձայնության գալու Համասի եւ Իսրայելի միջեւ եռօրյա ռազմական գործողությունների դադարեցման դիմաց մոտ 50 պատանդի ազատ արձակելու վերաբերյալ: Ավելի ուշ հայտնի դարձավ, որ Իսրայելը մի քանի օրով մերժել է հրադադարի մասին ՀԱՄԱՍ-ի առաջարկը։
Վարչապետ Բենիամին Նեթանյահուն նախօրեին ասել էր, որ պատանդների ազատ արձակման շուրջ դեռեւս պայմանավորվածություն չկա։