Նոյեմբերի 19-ին Արգենտինայում տեղի է ունեցել նախագահական ընտրությունների երկրորդ փուլը, որին մասնակցում էին իշխող կուսակցության ներկայացուցիչ, էկոնոմիկայի նախարար Սերխիո Մասսան եւ ընդդիմադիր, աջ ծայրահեղական շարժման առաջնորդ Խավյեր Միլեյը։
Ընտրություններին նախնական արդյունքներով Արգենտինայի նախագահ է ընտրվել Խավիեր Միլեյը, որի օգտին քվեարկել է ընտրազանգվածի շուրջ 56%-ը։ Նա հանդես է գալիս, մասնավորապես, տնտեսության «դոլարիզացիայի», Չինաստանի, Բրազիլիայի եւ ՌԴ-ի հետ համագործակցության կասեցման դիրքերից։
Արգենտինայի նախագահական ընտրությունների կապակցությամբ հայտարարություններ են արել Լատինական Ամերիկայի մի շարք երկրների առաջնորդներ։ Կոլումբիայի նախագահը Միլեյի ընտրվելն անվանել է «տխուր՝ տարածաշրջանի համար, քանի որ նեոլիբերալիզմն այլեւս չի կարող պատասխաններ առաջարկել մարդկության ընթացիկ խնդիրների լուծմանը»։ Բրազիլիայի նախագահը, չնայած Միլեյի՝ իր երկրի հետ համագործակցությունը սահմանափակելու հայտարարություններին, հաջողություններ է մաղթել նորընտիր արգենտինյան գործընկերոջը, Բոլիվիայի եւ Չիլիի ղեկավարները շնորհավորել են Միլեյին ընտրվելու կապակցությամբ եւ համագործակցելու պատրաստակամություն հայտնել։