Ըստ ադրբեջանական լրատվամիջոցների՝ Եվրո-2024-ի ընտրական փուլի եզրափակիչ խաղում նոյեմբերի 19-ին Բելգիայի հավաքականից 0։5 խոշոր հաշվով կրած պարտությունից հետո Ադրբեջանի հավաքականի իտալացի գլխավոր մարզիչ Ջանի դե Բիազին որոշել է բարկությունը թափել Բրյուսելում անցկացված մամուլի ասուլիսին մասնակցող ադրբեջանցի լրագրողների վրա, որոնց հետ, ի դեպ, նա այնքան էլ ջերմ հարաբերությունների մեջ չէ։
Մասնավորապես, երբ անվանի մարզչին հարցրել են, թե նա կարոտելու է ադրբեջանցի լրագրողներին, ըստ ադրբեջանական լրատվամիջոցների, դե Բիազին հայտարարել է․ «Իհարկե ոչ։ Ես երբեք չեմ հանդիպել նման հիմար լրագրողների: Նրանք ոչինչ չեն կարողանում անել եւ միայն հիմար հարցեր են տալիս»:
Նա հավելել է, որ ադրբեջանցի լրագրողներն ամբողջովին մոռացել են Բաքվում ընկերական խաղերը Ավստրիայի, Շվեդիայի եւ Բելգիայի հետ։ «Ֆիատով Ֆերարիից առաջ անցնելն անհնար է. դա իմ մեղքը չէ։ Այս ընտրական փուլում մենք սպասվածից էլ ավելիին հասանք։ Եթե խաղում ես Բելգիայի՝ Ֆերարիի որակի թիմի դեմ, չես կարող հաղթել, եթե ունես Ֆիատ»,- ընդգծել է Ջանի դե Բիազին։